Վարուժան Թենպելյան

ՎԱՐՈՒԺԱՆ ԹԵՆՊԵԼՅԱՆ
Լրագրող, խմբագիր, հրապարակախոս, քաղաքական հասարակական գործիչ, մտավորական, մանկավարժ
Վարուժան Թենպելյանը ծնվել է 1957թ. Բեյրութում: Հայրական կողմից հաճընցի է (մայրական կողմը՝ լափաշցի): Հայրը ծնվել է Ժիբեյլում (Byblos), մայրը՝ Քարանթինայում (Բեյրութի թաղամաս): Նախնական կրթությունը ստացել է Նոր Հաճըն թաղամասի Տատրյան մանկապարտեզում և Ազգային Սահակ Մեսրոպյան նախակրթարանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ազգային Գևորգ Չաթալբաշյան, իսկ երկրորդական ուսումը՝ Ազգային Սուրեն Խանամիրյանի վարժարանում, ապա մասնագիտացել է հայ գրականության և հայագիտության ոլորտներում՝ ավարտելով Համազգային հայագիտական հիմնարկի քառամյա դասընթացը, միաժամանակ հետևելով Հայկազյան համալսարանի քաղաքական գիտությունների բաժանմունքի դասընթացին: 1982-1989թթ. Վ. Թենպելյանը վարել է «Ազդակ» օրաթերթի պատասխանատու խմբագրի պաշտոնը: 1989-1999թթ. եղել է «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն, միաժամանակ եղել է «Ազդակ» օրաթերթի գիշերային լրատվության խմբագիր: 2000-2003թթ. աշխատակցել է լիբանանյան անգլիագիր «Lebanon Opportunities» օրաթերթին և «Daily Star» օրաթերթին: 2003թ. հրավիրվել է ցուցահանդեսներ կազմակերպող IFP Group շրջանային ընկերություն՝ իբրև շուկայական պայմանների վերլուծող և ուսումնասիրող, ինչպես նաև ընկերության տեղեկատվական-հրատարակչական գործերի պատասխանատու. պաշտոնավարել է մինչև 2017 թվականը՝ հաճախ այցելելով Քաթար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Հորդանան: 2017թ. հիմնել է երկլեզու (արևմտահայերեն և անգլերեն) hayemnews.com լրատվական և հրապարակախոսական հարթակը, որը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության նյութական օժանդակությամբ վերամշակվելուց հետո 2021թ. հանրությանը ներկայացավ որպես Darperag21.net հանդես: Թենպելյանը հանդեսի տնօրենն ու խմբագիրն է: Darperag21-ը նորարարական հանդես է, որի նպատակը հայ հրապարակագրությունը, գրականությունը, լրագրությունը և գիտական միտքը զարգացնելն է: Հանդեսը արևմտահայերեն է՝ համագործակցությամբ տարբեր երկրների գրողների, արվեստագետների, հրապարակախոսների, տարբեր ոլորտների մասնագետների: Թենպելյանը հրապարակել և հրապարակում է ազգային մտահոգություններ արծարծող հոդվածներ, ինչպես նաև քաղաքագիտական վերլուծություններ, գրախոսականներ, թատերական և գեղարվեստական քննադատական ակնարկներ ոչ միայն Darperag21-ում, այլև տարբեր թերթերում և հանդեսներում: Նա զբաղվում է նաև մանկավարժությամբ: 1999-2022թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի ընծայարանի աշակերտներին: Վարուժան Թենպելյանը և Անի Չեորեքչյանը ունեն երեք զավակ՝ Նարին, Հայկ և Ալիք: