Նոր Հաճըն

ՆՈՐ ՀԱՃԸՆ

Հայաստանի  Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում՝ ծովի մակերևույթից 1338մ բարձրության վրա, մայրաքաղաք Երևանից 25կմ հեռավորության վրա:Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնի կիրճով, արևմուտքից՝ Արզնի- Շամիրամ ջրանցքով:Հարակից բնակավայրերն են՝ արևելքում՝ ասորական Արզնի գյուղն ու Բյուրեղավանը, արևմուտքում՝ Նոր Արտամետ ու Մրգաշեն գյուղերը, հյուսիսում՝ Նոր Գեղի , հարավում՝ Գետամեջ գյուղերը:

Քաղաքի վարչական տարածքը 200 հա, բնակչությունը՝ 11200 մարդ:Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով՝ սկսած 1953թ.ից՝ Արզնի ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց:Այն կրել է Սիլավոյ պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի Ուժային հանգույցի ռուսերեն անվանումից:Նոր Հաճընը որպես առանձին բնակավայր՝ ձևավորվել է 1958թ-ից, ՏՃՔԳ -ի, այնուհետ  «Սապֆիր» արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 1958թվականի նոյեմբերի 4-ին՝ ի հիշատակ Կիլիկիո Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվեց Նոր Հաճըն:

Քաղաքն ունի երեք հիմնական և մեկ ավագ դպրոց, արվեստի դպրոց, մարզադպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ:Քաղաքի մշակութային այցեքարտը Կիլիկիայի Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է՝ Կիլիկիայի հայերի ինքնատիպ թանգարանով: