Մաքրուհի Թաթուլյան-Խաչատուրյան

ՄԱՔՐՈՒՀԻ ԹԱԹՈՒԼՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Մաքրուհի Թաթուլյան-Խաչատուրյանը ծնվել է 1925թ. Բեյրութում՝ Գրիգոր և Զարուհի Թաթուլյանների ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Սահակյան վարժարանում: 1939-1943թթ. ուսումը շարունակել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան աղջիկների վարժարանում՝ ավարտելով այն «Քաջալավ» (Գերազանց) վկայականով: Մաքրուհու միակ երազանքը ուսուցչական ասպարեզն էր. 15 տարի դասավանդել է Բեյրութի Նոր Հաճըն թաղամասի Սահակ-Մեսրոպյան վարժարանում, ապա Ազգային Ռուբինյան վարժարանում (1964-1992թթ.), վերջին հինգ տարին աշխատել է որպես հաստատության տնօրեն: 1958թ. ամուսնացել է Հայկազուն Խաչատուրյանի հետ, ունեն մեկ զավակ՝ Մարալ (հետագայում՝ Սեմերճյան): Մաքրուհին մշտապես ձգտել է կատարելագործել իր մանկավարժական հմտությունները և 1960-1970թթ. ուսումնասիրել է Հայկազյան համալսարանի հաստատած մանկավարժական ծրագիրը և ստացել ուսուցչական վկայական (Normal Diplome): Փոքր տարիքից անդամակցել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, նվիրվել իգական սեռի հայրենասիրական և կուսակցական դաստիարակությանը 1969-82թթ. եղել է Բեյրութի Հայ մարմնամարզական միության Կանանց մասնաճյուղի ատենապետուհին: ՀՄՄկազմակերպությունը, ըստ արժանվույն գնահատելով տիկին Մաքրուհի Խաչատուրյանի շնորհակալ աշխատանքները, նրան արժանացրել է Վետերան անդամի պատվոգրի: 1950-1958թթ. Մաքրուհին վարել է ՍԴՀԿ «Մարօ» մասնաճյուղի ատենապետությունը, 1945-1949թթ. եղել է ՀՄՄ Օրիորդաց մասնաճյուղի ատենապետուհին: 1988թ. իր տանը հիմնում է ՍԴՀԿ «Մարօ Նազարբեկյան» մասնաճյուղը՝ ստանձնելով պատվավոր նախագահի պաշտոնը: Հրապարակային միջոցառումների, դասախոսությունների, հանդեսների, ճաշկերույթ-պարահանդեսների ընթացքում հանդիսավարի իր տաղանդով և խանդավառող բոցաշունչ ելույթներով վայելել է շրջապատի սերն ու հարգանքը, մշտապես կարևորել է մեր ժողովրդի ազգային, ընկերային և հայրենասիրական առողջ դաստիարակությունը: 2018թ. լույս է տեսել Մաքրուհի Թաթուլյան-Խաչատուրյանի «Կյանքիս առաքելությունը ծիածանի գուներով» հուշապատումը: Մաքրուհի Թաթուլյան-Խաչատուրյանը ժառանգել է իր բնիկ հաճընցի հոր լավատեսությունը, իրապաշտ խառնվածքը և կյանքն ինքնուրույն ապրելու քաջությունը: Այս սկզբունքով է նաև 43 տարիներ ծառայել հայ դպրոցին՝ կրթելով և դաստիարակելով բազմաթիվ սերունդներ: Այժմ 100 տարեկանի շեմին հասած Մաքրուհի Թաթուլյան-Խաչատուրյանը ունի երեք թոռ՝ Լևոն, Միրնա, Արման, և երեք ծոռ՝ Զովի (Լիբանան), Ջեյմս և Ջեյդ (Կանադա):