Եփրեմ Պաղպուտարյան

ԵՓՐԵՄ ՊԱՂՊՈՒՏԱՐՅԱՆ
Եփրեմը ծնվել է 1934թ. հունիսի 8-ին Դամասկոսում (Սիրիա): Ավարտել է տեղի «Սահակյան» վարժարանը, եղել է ՀՄՄ սկաուտ, նվագախմբի անդամ: 15 տարեկանից աշխատել է իր քեռուն պատկանող «Carrosserie» գործարանում: Հետագայում սեփական գործն է հիմնել: 1960թ. ամուսնացել է Վարսենիկ Կարապետյանի հետ: 1966թ. Եփրեմ Պաղպուտարյանը հաստատվել է Բեյրութում (Լիբանան): Քրտնաջան աշխատանքի շնորհիվ գնել է հողատարածք և հիմնել «YEBCo» ընկերությունը, որը մեծ համբավ ունի արաբական երկրներում: 1979թ. վերջնականապես հաստատվել է Գլենդելում (ԱՄՆ): Դուստրերը ստացել են հայեցի կրթություն «Ռոզ և Ալեք Փիլիպոս» Ազգային վարժարանում: 2000 թվականից Եփրեմը եղել է Լոս Անջելեսի Հաճըն հայրենակցական միության անդամ, 2002- 2015թթ.՝ փոխատենապետ, ապա՝ ատենապետ: 2007թ.մասնակցել է Հաճըն Հայրենակցական Ընդհանուր Միության պատգամավորական ժողովին (Բուենոս Այրես, Արգենտինա) և ընտրվել Կենտրոնական վարչության ատենապետ: Տիկնոջ՝ Վարսենիկի և վարչության անդամների հետ բազմիցս եղել է Հայաստանում և Նոր Հաճըն քաղաքում, մասնակցել Հաճընի հերոսամարտի նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, իրականացրել բարեգործական բազում ծրագրեր, հովանավորել Վանաձորի մանկատունը: Պաղպուտարյան ընտանիքի աջակցությամբ 2010թ. Նոր Հաճընի Մեծն Մուրադի անվան հ. 4 դպրոցում (տնօրեն Հայկանուշ Պետրոսյան) բացվել է «Վարսենիկ» նախակրթարանը: 2015թ. Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի հրավերով՝ Եփրեմ Պաղպուտարյանը ներկա է գտնվել Նոր Հաճընի Սբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը: Եփրեմը Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի լավագույն բարեկամներից էր: Հայրենանվեր բազմաթիվ ձեռնարկների, նյութական օժանդակությունների և հաճընցու գաղափարներին անմնացորդ նվիրումի համար բազմիցս արժանացել է պատվոգրերի: Եփրեմ և Վարսենիկ Պաղպուտարյանները ունեն երկու դուստր՝ Լենա և Թամար, երեք թոռ՝ Արեն, Ալեք և Ասթըն: Լենա Քորթոշյանը նախկինում «Clark Magnet High School»-ի (Լա Կրեսենտա) տնօրենն էր, իսկ այժմ Գլենդելի հանրային դպրոցների ավագ վարիչն է: Թամարը մարմնամարզության ուսուցչուհի է «Ալեքս Փիլիպոս» Ազգային վարժարանում: Եփրեմ Պաղպուտարյանը մահացել է 2023թ. փետրվարի 16-ին: