Փոլ Յաղուբյան

ՓՈԼ ՅԱՂՈՒԲՅԱՆ
Լիբանանի Հաճըն հայրենակցական միության ատենապետ Պողոս (Փոլ) Ազատի Յաղուբյանը ծնվել է 1955թ. Բեյրութում (Լիբանան): Հաճախել է Հայ ավետարանական Կերթմենյան վարժարանը, ապա Հայ ավետարանական քոլեջ. Միացյալ ավետարանական քոլեջն ավարտել է բակալավրի աստիճանով: 1978-1982թթ. ուսանել է Հայկազյան քոլեջի՝ HC (այժմ՝ համալսարան՝ HU) «Business administration» բաժնում: 1982-1985թթ. ուսանել է Լիբանանի ամերիկյան համալսարանում (LAU)՝ ավարտելով այն մագիստրոսի վկայականով: 1979 թվականից աշխատել է Ազգային Սահակ-Մեսրոպյան, Ազգային Ռուբինյան-Սահակ-Մեսրոպյան վարժարաններում որպես անգլերենի ուսուցիչ, նաև Աշրաֆիայի Կենտրոնական բարձրագույն վարժարանում աշխարհագրություն, պատմություն և փիլիսոփայություն է դասավանդել: Երիտասարդ տարիներից սկսած՝ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել բազմաթիվ կազմակերպություններում՝ «Եղբայրության եկեղեցու» պատանեկան միության վարչության անդամ, Աշրաֆիայի ավետարանական եկեղեցու պատանեկան միության առաջնորդ, «Ջանից» երիտասարդական միության վարչության անդամ, «Տխրունի» պատանեկան միության առաջնորդ (Բեյրութ – Բուրջ Համուդ – Ջյունի), «Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ընկերային վարչության դիվանապետ, ապա միության ատենապետ: ՀԿԲՄ վարչության անդամ: Հայ Ավետարանական Աշրաֆիայի եկեղեցու խնամակալության անդամ, 10 տարի ավետարանական գերեզմանոցի հանձնախմբի անդամ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Նոր Հաճըն թաղամասի պաշտպանության խմբի անդամ, 1982 թվականից ի վեր ընդհատումներով եղել է ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վարիչ մարմնի անդամ, ատենապետի տեղապահ: 2010 թվականից ի վեր վարում է Լիբանանի Հաճըն հայրենակցական միության ատենապետի պաշտոնը: Նրա պաշտոնավարման ընթացքում միությունը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով. Հաճընի հերոսամարտի ոգեկոչմանը նվիրված տարեկան ավանդական մատաղապուրի պատրաստության և հոգեհանգստյան արարողություններից բացի, ամեն տարի հրատարակվել են տարեկան օրացույցներ, Լիբանանում Հաճըն հայրենակցական միությունը վերստին պաշտոնապես ճանաչվել է, Հաճընի հերոսամարտի 90-ամյակի առթիվ կազմակերպվել է գիտաժողով Հայկազյան համալսարանի հետ համատեղ, 2015թ. լույս է ընծայվել Հակոբ Պողոսյանի «Հաճընի ընդհանուր պատմությունը» վերախմբագրված աշխատությունը, կազմակերպվել է Հաճընի հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոգեհանգստի արարողություն՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հովանավորությամբ, լույս են ընծայվել «Նամակներ Կիլիկիայից» «Հաճընի որբանոցը» աշխատությունները, կրթաթոշակներ են հատկացվել հաճընցի բազմաթիվ ուսանողների: Փոլ Յաղուբյանը մեծ սեր ունի արվեստի նկատմամբ՝ հատկապես թատրոնի: Թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական տարիներին թատերական բազմաթիվ դերերում է խաղացել: Խաղացել է «Նոր սերունդ» մշակութային միության (ՆՍՄՄ)՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» ներկայացումներում: Փոլ Յաղուբյանի կինը՝ Մարալ Սուլթանյանը, Հաճընի Տիկնանց միության ակտիվ անդամներից է, մատաղի արարողությունների գլխավոր պատասխանատուն: Փոլ Յաղուբյանը ունի երեք զավակ՝ Դալար, Նարեկ, Լորի, երկու թոռ՝ Արեն և Ալիք: