Տարոն Եպիսկոպոս Ճերեճյան

ՏԱՐՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՃԵՐԵՃՅԱՆ

Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը (ավազանի անունը՝ Ժիրայր) ծնվել է 1937թ. հուլիսի 11-ին Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Սահակյան վարժարանում: 

1952թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Դպրեվանք: 

1957թ. ձեռնադրվել է սարկավագ: 1959թ. ավարտել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

 1960-1963թթ. ուսանել է Անգլիայում, նախ` Քելհամի Սուրբ առաքելություն, ապա` Լոնդոնի Թագավորական քոլեջում:

 1963թ. ձեռամբ հոգելույս Տ. Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է աբեղա: 1964թ. նշանակվել է վալանսահայության հոգևոր հովիվ 1965թ. ապրիլի 23-ին, պաշտպանելով վարդապետական թեզ` «Յոթը Խորհուրդներ Հայոց Եկեղեցու» թեմայով, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է վարդապետական մասնավոր աստիճան: 

1966թ. վերադարձել է Ֆրանսիա և ծառայության կոչվել Մարսելում:

 1969թ. հոկտեմբերին երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կարգադրությամբ մեկնել է Դամասկոս՝ որպես առաջնորդական տեղապահ: 1972թ. հրավիրվել է Մայր Աթոռ` դասախոսելու Գևորգյան հոգևոր ճեմարանում: 

1972թ. հոկտեմբերից նշանակվել է Նիսի շրջակայքի հոգևոր հովիվ: 1978թ., ձեռամբ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի, ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` ներկայացնելով իր «80 քարոզներ» աշխատանքը:

 1991թ. ընտրվել է Մարսելի առաջնորդ և հայրապետական պատվիրակի փոխանորդ: 

1992թ. ստացել է եպիսկոպոսական օծում` ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի: 2003թ. օգոստոսին, ձեռնադրության 40-ամյակի առթիվ, Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանին: 

2003թ. իր իսկ ցանկությամբ Սրբազան Հայրը անցելլ է վաստակած հանգստի: Տարոն Եպիսկոպոս Ճերեճյանը հովվապետական ծառայության 40 տարիների ընթացքում աշխուժացրել է հայկական այն բոլոր համայնքները, որտեղ որ ծառայել է՝ Վալանս, Մարսել, Լիոն, Կանն, Նիս, Դամասկոս: Նրա անմիջական միջամտությամբ դպրոցներ են հիմնվել Վալանսում, Մարսելում և հատկապես Նիսում: Նիսում հիմնադրել է նաև երգչախումբ՝ «Սայաթ Նովա» անվամբ: Մարսելում հիմնադրել է «Գեղարդ» ծխական պարբերաթերթը, որը այնուհետև 19 տարի շարունակ հրատարակվել է Նիսում: 

Բնակվել է Ֆրանսիայի հարավային Գրասս շրջաննի Օբիո քաղաքում: Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը վախճանվել է 2023թ. դեկտեմբերի 5-ին: