Ստեփան Գրգեաշարեան

ՍՏԵՓԱՆ ԳՐԳԵԱՇԱՐԵԱՆ
Մեծանուն բարերար, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Թեմական խորհրդի փոխնախագահ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ, պետական և հանրային գործիչ Ստեփան Գրգեաշարեանը Կիլիկիո Հաճընի տեր Հակոբ ավագ քահանա Գրգեաշարեանի ծոռն է:
Դոկտոր Ստեփան Գրգեաշարեանը ծնվել է Նիկոսիայում (Կիպրոս): Ծնողները՝ Մանուէլ և Զարուհի (Գարաեան) Գրգեաշարեանները վերապրել են 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Նախնական կրթությունը ստացել է Կիպրոսի Մելիքեան -Ուզունեան վարժարանում, ապա շարունակել ուսումը տեղի Անգլիական վարժարանում: 17 տարեկանում միայնակ մեկնել է Անգլիա, ուր աշխատելուն զուգահեռ ուսանել է էլեկտրոնիկա: Միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայ գաղութի կյանքին: 1967թ. հաստատվել է Սիդնեյում (Ավստրալիա): 1967թ. ամուսնացել է Պրենտա Արաթունի հետ, վերջինս մահացել է 1988թ.: 1998թ. ամուսնացել է Հիլտա Քայիքեանի հետ: Ստեփանը երկարատև և նշանակալից ավանդ ունի թե՛ հայկական, թե՛ ավստրալական հանրային ու պետական գործունեության բնագավառներում: Ունի երեք զավակ՝ Մասիս, Կարինե, Էմանուել, և չորս թոռ:
Պետական աշխատանք
1979-1989թթ.՝ Ավստրալիայի՝ 52 ռադիոկայաններով 60-ից ավելի լեզուներով հեռարձակվող հատուկ տեղեկատվական ծառայության ռադիոյի բաժնի վարիչ, հիմնադիր տնօրեն:
1989-2014թթ.՝ Նյու Սաութ Ուելս նահանգի Համայնքային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և գործադիր տնօրեն:
2003-2015թթ.՝ Նյու Սաութ Ուելս նահանգի Հակախտրականության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն:
2015-2022թթ.՝ Նյու Սաութ Ուելս նահանգի Գերեզմանների խորհրդի հիմնադիր նախագահ:
2019-2020թթ.՝ Նյու Սաութ Ուելս նահանգի Կրթության նախարարության համայնքային լեզուների դպրոցների խորհրդատու հանձնախմբի նախագահ:
2020 թվականից ի վեր՝ «Ազգային Ավստրալիոյ Օրուայ» խորհրդի փոխնախագահ:
1990-2003թթ.՝ ՆՍՈՒ նահանգի պետական ուսումնական խորհրդի անդամ:
1995-2000թթ.՝ Սիդնեյ-2000 Միջազգային օլիմպիական խաղերի կոմիտեի բազմամշակութային ենթահանձնախմբի ատենապետ:
1998-2000թ.՝ 2000թ. Օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: 2012թ.՝ Ավստրալիայի Բժշկական խորհրդի բժշկական վկայականի քննությունների արդյունքների դեմ բողոքների քննիչ հանձնախմբի անդամ:
1996-1998թթ. Ոստիկանական ակադեմիայի նախարարական վերաքննիչ հանձնախմբի անդամ: 2010-2014թթ. ՆՍՈՒ նահանգի Պետական հակաահաբեկչական հանձնախմբի անդամ:
2010-2014թթ.՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հակածայրահեղական միջպետական ենթահանձնախմբի անդամ:
2013թ.՝ Ավստրալիայում Հայաստանի Հանրապետության առաջին Պատվո հյուպատոսը:
2018-2020թթ. և այժմ՝ ՆՍՈՒ Համայնքային լեզուների դպրոցների ֆեդերացիայի փոխնախագահ: 2018-2019թթ.՝ Համայնքային լեզուների նախարարական խորհրդատու մարմնի և զանազան այլ ատյանների և հանձնախմբերի նախագահ:
Հայ Համայնքային/ պետական գործունեություն
1958թ. ձեռնադրվել է ուրարակիր, Կիպրոս
1961-1964թթ.՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս ընծայված «Հայրենիք» օրաթերթի և «Արմենիա» շաբաթաթերթի՝ Լոնդոնի մշտական թղթակից:
1964-1965թթ. եղել է Լոնդոնի Հայ երիտասարդական միության քարտուղար: 1965թ. խմբագրել և հրատարակել է Լոնդոնի «ՍԼԱՔ» երգիծական պարբերաթերթը:
1968-1970թթ. եղել է Սիդնեյի Թարգմանչաց միօրյա վարժարանի տնօրենը:
1974-76թթ. եղել է Արևմտյան Սիդնեյի Փափազեան Միօրյա վարժարանի տնօրենը:
1974-75թթ.՝ Սիդնեյի Հայ ուսանողների միության հիմնադիր նախագահ: 1976-79թթ.՝ Սիդնեյի առաջին հայերեն ռադիոհաղորդումների հիմնադիր վարիչ և խոսնակ:
2014 -2019թթ.՝ Սիդնեյի Հայ եկեղեցու բարեկեցության ընկերության ատենապետ:
2013թ.-ից ի վեր՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայ առաքելական եկեղեցու Թեմական խորհրդի փոխատենապետ: Բազմիցս հրավիրվել և դասախոսել է Անգլիայի, Իտալիայի, Շվեցարիայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի, Հարավային Աֆրիկայի և այլ երկրների միջազգային ատյաններում: Տասնամյակներ շարունակ ավստրալական մամուլում հանդես է եկել քաղաքական և ընկերային հոդվածներով, որոնց մասին բազմիցս ելույթներ է ունեցել թե՛ տեղական, թե՛ միջազգային ամբիոններից, հեռուստաեթերներով և ռադիոկայաններով: 2014թ. Ստեփան Գրգեաշարեանի և նրա տիկնոջ՝ Հիլտա Քայիքեան-Գրգեաշարեանի նվիրած 250.000.00 դոլար հիմնադրամով Ավստրալիայի Սիդնեյի համալսարանում հիմնվեց «Գրգեաշարեան-Քայիքեան հայկական ուսումնասիրության մնայուն ֆոնդ»-ը: 2018թ. դեկտեմբերի 18-ին տեր և տիկին Ստեփան և Հիլտա Գրգեաշարեանների նախաձեռնությամբ և բարերարությամբ Սիդնեյի Սբ Աստվածածին կաթոլիկ մայր տաճարի առջև կանգնեցվեց 2.6 մ բարձրությամբ խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանութան զոհերին: Ստեփան Գրգեաշարեանը և նրա տիկինը՝ Հիլտան, զանազան բարեսիրական ձեռնարկների, բարեգործությունների և հրատարակությունների մեկենասներ են Հայաստանում, Արցախում,Ավստրալիայում և այլուր: