Սահակ Պագչեճյան

ՍԱՀԱԿ ՊԱԳՉԵՃՅԱՆ

Ծնվել է 1890թ․ Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում։ 1909թ․ Ադանայի ջարդերից հետո 1911թ․ գաղթել է Արգենտինա։ Բուենոս Այրեսում իր վարձակալած բնակարանը ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայերի համար դարձել էր ապաստարան։ Սահակը շատ էր ցանկանում, որ իր ընտանիքը նույնպես տեղափոխվեր Արգենտինա։ Սակայն մայրը և քույրերը զոհ գնացին Հայոց եղեռնին. Լիբանանի որբանոցում գտնվեցին միայն քրոջ զավակները։ Սկզբում Սահակը աշխատում էր որպես դերձակի օգնական։ Սովորելով այդ արհեստը՝, շուտով նա բացում է իր սեփական արհեստանոցը։ 1923թ․ ծանոթանում է Կ. Պոլսից Արգենտինա գաղթած Աղավնի Բեքարյանի հետ, և 1924թ․ նրանք ամուսնանում են։ Աղավնի Բեքարյանը ուսյալ կին էր, սովորել էր Կ. Պոլսի համալսարանում և շատ լավ տիրապետում էր ֆրանսերենին։ Սահակ Պագչեճյանը իր ողջ կյանքը նվիրեց հայապահպանման գործին՝ լինելով Արգենտինայի հայ գաղութային կյանքի ազդեցիկ և գործունյա ներկայացուցիչներից մեկը։ Նա Հաճըն հայրենակցական միության Հարավային Ամերիկայի մասնաճյուղի պատվարժան անդամներից էր։ Երկու անգամ (1942-1946թթ. և 1948- 1951թթ.) եղել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Հոգաբարձության խորհրդի ատենապետ։ 1945-ին Սբ Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններում նշանակվել է Հարավային Ամերիկայի հայ համայնքի կողմից պատգամավոր՝ Ամենայն Հայոց Վեհափառ ընտրելով Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին։ Խորհրդային Հայաստանում Նոր Հաճըն անունով բնակավայր հիմնելու դրամահավաքության նպատակով մեկնել է սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներ։ Տիկնոջ հետ 1955թ․ այցելել է Հայաստան՝ Նոր Հաճըն քաղաքի կառուցման հիմնաքարի տեղադրման առիթով։ 1958թ․ նոյեմբերի 4- ին մասնակցել է Նոր Հաճըն ավանի հիմնադրման տոնակատարությանը։ Սահակ Պագչեճյանը աջակցել է նաև Բուենոս Այրեսի Հաճըն Տանը: Նա հայ գաղութին նվիրեց մի դպրոց, որը մինչ այդ գործում էր հայերով բնակեցված մի թաղամասում իբր Մեսրոպյան Ազգային վարժարան։ Այնտեղ 1962թ․ հիմնվեց «Սահակ Պագչեճյան» վարժարանը, որը գործում է առ այսօր։ Լինելով ազդեցիկ դիրքի տեր՝ նա գնեց կալվածքներ և հիմնեց գործատուն։ Նրա ժառանգները հետագայում շարունակեցին բիզնեսը՝ գործարանը անվանակոչելով «Gatic»։ Սահակ Պագչեճյանը մահացել է 1963թ․։ Սահակ Պագչեճյանի և Աղավնի Բեքարյանի զավակներն են՝ Սանդիագո, Վարդուհի (1927-1934), Էդուարդո, Վարդուհի և Նելիտա։ Էդուարդոն ունի երկու զավակ՝ Էդգարդո և Ֆաբիան։ Էդգարդոն ունի չորս զավակ՝ Խասմին, Վալենտինա, Պալոմա և Լեոն։ Ֆաբիանը ունի երկու զավակ՝ Խուան և Ասուլ։ Վարդուհին ունի երեք դուստր՝ Պատրիսիա (բիզնեսի կառավարման բակալավր), Անդրեա և Գաբրիելա (փաստաբան)։ Պատրիսիան ունի դուստր՝ Նիկոլ։ Անդրեան ունի երկու զավակ՝ Ատիկ և Մայլա, Գաբրիելան՝ երկու զավակ՝ Մաուրո և Ամա։ Նելիտան (բժշկուհի) ունի չորս զավակ՝ Լորենա, Մաքսիմո, Մարիանո, Գոնսալո։ Մաքսիմոն ունի զավակ՝ Մանուել։ Մարիանոն ունի երեք զավակ՝ Մատեո, Ֆելիպե, Մաքսիմո։ Գոնսալոն (հաղորդակցության բակալավր) ունի երկու դուստր՝ Մարտինա և Գատալինա։