Պարիս Հերունի

ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
Հայ անվանի ռադիոաստղագետ, ռադիոֆիզիկոս և ռադիոճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1965թ.), դոցենտ (1968թ.), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972թ.), պրոֆեսոր (1983թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996թ.): Պարիս Միսակի Հերունին ծնվել է 1933թ. դեկտեմբերի 17-ին Երևանում: Ավարտել է Վ. Չկալովի անվան հ. 30 միջնակարգ դպրոցը: 1951-1957թթ. սովորել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետում: Վերադարձել է Հայաստան և որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը: 1960-68թթ. եղել է Հայաստանի ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտության գծով և ԳԲՀ բաժնի վարիչ:1968-71թթ. եղել է Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքի վարիչ: 1983-2008թթ. եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Անտենային համակարգեր» ռադիոգիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և բազային ամբիոնի վարիչ: 1971թ. հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է Հայաստանի ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը: Հերունին հիմնել է Ռադիոֆիզիկական ԱԿԲ՝ Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանում (1958թ)., Հայաստանի ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը Աշտարակում (1960թ)., ՖՏՌՉՀԳՀԻ (Մոսկվա) Ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքը Երևանում (1968թ.), Ռադիոֆիզիկայի չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը Երևանում, որը 2000թ.-ից ի վեր կոչվում է Ռադիոֆիզիկայի ԳՀԻ (1971թ)., ՌԳՀԻ-ի «Ալիք» գործարանը Երևանում (1972թ.), ՌԳՀԻ-ի Արագածի գիտական կենտրոնը (1975թ.), ՌԳՀԻ «Անտենային համակարգեր» բազային ամբիոնը Երևանի պոլիտեխնիկական համալսարանում (1983թ).: Պարիս Հերունին ունի շուրջ 353 հրապարակված գիտական աշխատություն, այդ թվում չորս մենագրություն և 25 արտոնագիր: Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում: Նա չորս գիտական մեթոդներով հետազոտել է Քարահունջը և եզրահանգել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է: Պարիս Հերունին ծավալուն ուսումնասիրություններ է իրականացրել՝ հայոց հնագույն պատմությունը պարզելու և այն հիմնավոր ներկայացնելու համար: Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում: Պարիս Հերունին ստեղծել է եզակի ռադիոօպտիկական աստղադիտակ՝ «Հերունու հայելային ռադիոաստղադիտակ»՝ բարդ կոնստրուկցիայով և միակը իր տեսակով, որը նաև ամենահզոր ռադիոաստղադիտակներից մեկն է: Հերունին նաև արևային կայանի գյուտի հեղինակն է, որը կենտրոնացնում է արևի շողերը նույն կետում և ապահովում է մինչև 700 աստիճան տաքությունմշակել և ստեղծել Էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր: 1991թ. նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլէկտրակայանի նախագիծը: Եղել է ՀՀ ԳԱԱ և ՀՃԱ ակադեմիկոս, Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՏԱ ակադեմիկոս, և աշխարհի մի շարք այլ ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել է ընդարձակ գիտակազմակերպական գործունեություն: Գիտական մեծ ավանդի համար Հերունին պարգևատրվել է բազմաթիվ պետական բարձր շքանշաններով և միջազգային մրցանակներով՝ Աշխատանքային կարմիր դրոշի (1983թ․), Աշխատանքի վետերանի և Սանկտ Պետերբուրգի Գիտնականի աստղի (2003թ․) շքանշաններ, Ֆրանսիայի ԱԳՆ բրոնզե, Ռուսաստանի ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի արծաթե (1984թ․), ՀՀ ԳԱԱ ոսկե, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե, ՀՀ Պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի ոսկե (2003թ․) մեդալներ, գիտության ոլորտում Հայաստանի (1985թ․) և ԽՍՀՄ (1986թ․) պետական մրցանակներ: Պարիս Հերունին մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 5-ին, 74 տարեկանում:
Զավակներն են՝
ՍՈՒՐԵՆ ՀԵՐՈՒՆԻ (1955-2007)
Ծնվել է Մոսկվայում: Ավարտել է ԵՊԻ-ն: Տեխնիկական գիտությունների դոկտոր: Աշխատանքները վերաբերում են անտենաների չափումներին, արևային էներգետիկայի, կապի ցանցերին: Ունի մեկ որդի՝ Դմիտրի Հերունի:
ՎԱՀԱԳՆ ՀԵՐՈՒՆԻ
Ծնվել է 1984թ. Երևանում: Ավարտել է ԵՊԻ-ն: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Աշխատանքը վերաբերում է անտենաների մակերեսի չափման ոլորտին: Երեխաները՝ Անժելա, Պարիս, Էլեն:
ՆԱՆԱ ՀԵՐՈՒՆԻ
Ծնվել 1967թ. Երևանում: 1989թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պատմա-անգլիական ֆակուլտետը: 2000թ. հիմնել և մինչ օրս ղեկավարում է ընկերություն կադրերի ոլորտում: 2018թ. կազմակերպել է «Փրկենք Քարահունջը» շարժումը, իսկ 2020 թվականից ի վեր «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ: Կենտրոնի նպատակն է պահպանել և հետազոտել հնագույն Քարահունջ աստղադիտարանը, ուսումնասիրել նաև պատմական այլ հուշարձաններ (մասնավորապես աստղագիտական նշանակություն ունեցող): Կենտրոնը կազմակերպում է գիտարշավներ, իրականացնում հետազոտություններ, անցկացնում գիտական զեկույցների/բանախոսությունների լսումներ և քննարկումներ, հրապարակում աշխատանքներ։ Ունի մեկ որդի՝ Միքայել Սաղաթելյան-Հերունի (մասնագիտությունը՝ միջազգայնագետ, աշխատանքի ոլորտը՝ հանրային կապեր), և թոռ՝ Լեոն Սաղաթելյան: