Միսաք Պաղպուտարյան

ՄԻՍԱՔ ՊԱՂՊՈՒՏԱՐՅԱՆ

Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի (ՍԱՍՆ) ղեկավար, խմբավար Միսաք Պաղպուտարյանը ծնվել Է Դամասկոսում (Սիրիա)՝ Նուբար և Մարո Պաղպուտարյանների ընտանիքում: Քույրերը. Ծովակը ջութակահար է, Գարունը՝ թավջութակահար: Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Ազգային Միացյալ վարժարանում: Փոքր տարիքից մեծ սեր է ունեցել երաժշտության հանդեպ և հետևել է դասընթացների: Հինգ տարի ուսանել է High Institute of Music պետական համալսարանում՝ Սիրիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սուլհ ալՈւատիի ղեկավարութեամբ: Մեծ երաժշտագետի քաջալերանքով էլ իբրեւ բացառիկ աշակերտ սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել Իտալիա՝ կատարելագործելու խմբավարական հմտությունները: 1997-2002թթ. սովորել է Ֆլորանս և Միլանո քաղաքներում՝ Ալեսանտրո Փինզաութի և Յուլիոս Կալմարի մոտ: 2001-2003թթ. եղել է Ֆլորենցիայի Ամադեուս նվագախմբի գլխավոր դիրիժորը. նվագախումբը նրա ղեկավարությամբ համերգներ է ունեցել Տոսկանայի մի շարք քաղաքներում: Ղեկավարել է նաև Ֆորլիի Բրունո Մադերնա սիմֆոնիկ նվագախումբը, Միլանի Հանս Սվարովսկի նվագախումբը, Սոֆիայի նոր ֆիլհարմոնիկ նվագախումբը, Pacific Symphony Orchestra նվագախումբը: Որպես դիրիժոր՝ ղեկավարել է Ալժիրի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, «Kammerphilharmonie Graubünden», La Scala Օպերայի ակադեմիայի Bernasconi անսամբլը և այլ նվագախմբեր։ 2004թ. նա պատիվ է ունեցել ղեկավարելու ՍԱՍՆ-ը Դամասկոսի օպերային թատրոնի բացման համերգին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի ներկայությամբ և «Դամասկոսը՝ Մշակույթի արաբական մայրաքաղաք 2008»-ի բացման և փակման արարողությունը: 2010թ. ղեկավարել է Դամասկոսի օպերային թատրոնի բեմադրած առաջին օպերան՝ Մոցարտի «Le Nozze di Figaro»-ն: 2012թ. մասնակցել է նաև իսլամական մշակութային մայրաքաղաք Թլըմսանի (Ալժիր) և «Օրան» արաբական կինոփառատոնի փակման արարողությանը: Նա կատարել է ժամանակակից կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ: 2010թ. Իտալիայի նախագահից ստացել է պատվո շքանշան Սիրիայի և Իտալիայի միջև երաժշտական համագործակցության նախագծերի զարգացմանն ուղղված ջանքերի ու ձեռքբերումների համար: Պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»: 2003թ. նոյեմբերին Դամասկոսի Օպերային թատրոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ համագործակցությամբ մեծ շուքով նշվել է վաստակաշատ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը՝ հայաստանցի դաշնակահար Արմեն Բաբախանյանի մասնակցությամբ: 2015թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։ 2021թ. ստացել է Պետական խրախուսման մրցանակ Սիրիայում: 2023թ. ապրիլին Մոսկվայի Մեծ թատրոնի (Большой театр) բեմում արժանացել է «Բրավո» մրցանակին: Նա Դամասկոսի երաժշտության բարձրագույն ինստիտուտի նվագախմբի բաժնի վարիչն է, նույն ինստիտուտի կամերային երգչախմբի դիրիժորը: Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից ի վեր Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս: