Ճարատանյան Ընտանիք

ՃԱՐԱՏԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Ճարատանյան գերդաստանի հայր Վահան Համբարձումի Ճարատանյանը ծնվել է 1903թ. պատմական Կիլիկիայի Հաճըն քաղաքում: Կիլիկիայի անկումից հետո Վահանը հոր՝ Համբարձում Ճարատանյանի հետ շատերի պես բռնել է գաղթի ճամփան։ Երբ հասել են Եփրատ գետին, օրեր շարունակ ջուր չտեսած, ծարավից տոչորվող գաղթականներից շատերը իրենց գցել են գետը և սկսել ագահորեն ջուր խմել, ինչը շատերի համար ճակատագրական է դարձել։ Հոր բանիմացության, ուշադրության շնորհիվ է, որ Վահանը ողջ է մնացել․ նա ջուրը որդուն խմեցրել է կում-կում։ Նրանք հասել են Հունաստան։ Մահվանից առաջ հայրը որդուն պատգամել է անպայման հաստատվել և արմատներ գցել միայն Հայաստանում։ Սկզբում Վահանն ապրում է որբանոցում, այնուհետև աշխատանքի է անցնում ձիթապտղի պլանտացիաներ ունեցող մի հարուստ հույնի մոտ: Տեսնելով հայ տղայի աշխատասիրությունն ու ազնվությունը, հույն գործատուն ամեն կերպ փորձում է նրան պահել իր տանը՝ հետագայում աղջկան կնության տալու նպատակով։ Այդ օրերին հայտնվում է Վահանի քեռին. նա էլ իր հերթին ցանկանում է տղային ուղարկել Ամերիկա, բայց Վահանը մերժում է. նա չէր մոռացել հոր պատգամը: 1926թ. Վահան Ճարատանյանը հույն մեծահարուստի օգնությամբ հասնում է Հայաստան և հաստատվում Արազդայանում (այժմ՝ Երասխ)։ Վահանը վարձով ապրում է Էրզրումից գաղթած մի ընտանիքում և ամուսնանում է այդ տան աղջկա՝ Սիրանույշի հետ։ 1929թ. ծնվում է առաջնեկը՝ Սիսակը: 1932թ․ տեղափոխվում են Երևան։ Վահանը մասնակցում է Օպերայի և բալետի թատրոնի շինարարության աշխատանքներին։ Հետագայում ամուսիններով հաճախ էին ներկա գտնվում թատրոնում ներկայացվող բեմականացումներին, հատկապես սիրում էին «Անուշ» օպերան. անգիր գիտեին և հաճախ էին որդիների ու դուստրերի հետ երգում ընտանեկան հավաքների ժամանակ՝ երգարվեստի հանդեպ իրենց սերն ու ակնածանքը այդպիսով սերմանելով երեխաների մեջ: Հայրենիքի կարոտով ապրող հայրը ընտանեկան խնջույքների ավարտին հաճախ էր խնդրում զավակներին երգել իր ամենասիրելի երգը. «Երբ որ բացվին դռներն հուսո…» («Կիլիկիա»): Կրթության հարգն իմացող ամուսինները հետևողական եղան, որ երեք որդիները՝ Սիսակ, Համբարձում, Կարապետ, և չորս դուստրերը՝ Ասյա, Անահիտ, Մանուշ, Եղիսաբեթ, բարձրագույն կրթություն ստանան և, որ ամենակարևորն է, արժանավոր մարդ մեծանան: Անչափ հայրենասեր, ազգասեր և ուժեղ կամքի տեր Վահան Ճարատանյանը իր կյանքի փորձով, Հաճընի գեղատեսիլ բնաշխարհի, կենցաղի և ավանդապատումների մասին իր զրույցներով զավակներին և թոռներին փոխանցեց հայրենիքը սիրելու և գնահատելու մեծ առաքելությունը: Վահան Ճարատանյանը կյանքից հեռացավ 1976թ.: Սիսակ Վահանի Ճարատանյան՝ լուսանկարիչ, գեղանկարիչ, տեսագրության վարպետ, Հաճըն հայրենակցական միության անդամ։ Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են Արգենտինայում լույս ընծայվող «Հաճըն» ամսագրում։ Նրա որդին՝ Սուրեն Սիսակի Ճարատանյան՝ բազմաշնորհ և ազգանվիրյալ անձնավորություն՝ երկրաբան, բալետի պարող, մետրոշինարար, Հայկական բանակի սպա, «Հաճըն» հայրենակցական միության քարտուղար։ Հայոց աշխարհի աշխարհագրության, բնության, հողի ընդերքի, հանքերի լավ գիտակ Սուրենը իր գիտակցական կյանքը ապրեց՝ առաջնորդվելով Գարեգին Նժդեհի իմաստուն արտահայտությամբ․ «Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը՝ հանդեպ գերագույն իրականութեան՝ Ազգ, Հայրենիք, Պետություն»։ Հասցրեց պարել իր պապի կառուցած թատրոնի բեմում («Սպարտակ» բալետում)։ Սուրեն Ճարատանյանն անմահացավ 2016թ. Արցախյան մարտերում. հանգչում է Եռաբլուրում։ Դեռևս Սուրենի կենդանության օրոք Հաճըն հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը նրա մասին «Ազգի նվիրյալը» վերնագրով փաստավավերագրական ֆիլմ էր սկսել նկարահանել, որը ավարտին հասցվեց և հանրությանը ներկայացվեց Սուրենի մահվանից հետո: Սուսաննա Սիսակի Ճարատանյան՝ սպորտի վարպետ, միջազգային տրիաթլոնի համաշխարհային որակավորմամբ մարզիչ. Սուսաննայի սաները տարբեր պետություններում բազմիցս նվաճել են Հայաստանի օրհներգը հնչեցնելու և դրոշը բարձրացնելու իրավունքը։ Վահանի թոռնուհին՝ Եղիսաբեթի կրտսեր դուստրը՝ Հասմիկ Թորոսյանը համաշխարհային ճանաչման օպերային երգչուհի է (սոպրանո)։ Հասմիկը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթ (1-ին մրցանակ` ոսկե մեդալ, 2008թ.), «Գեղեցիկ ձայն» միջազգային 16-րդ մրցույթ (1-ին մրցանակ, Մոսկվա, 2010թ.), Սեուլի 6-րդ միջազգային մրցույթ (եզրափակչի մասնակից, 2010թ.), Musica Sacra միջազգային մրցույթ (1-ին մրցանակ, Հռոմ, 2011թ.) և այլն: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի` Ոսկե մեդալի: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արաբական Էմիրություններում, Լիբանանում, Թուրքիայում և այլուր: Հասմիկ Թորոսյանը պարբերաբար հանդես է գալիս աշխարհի ամեհայտնի բեմերում՝ ամենաբարդ օպերաների մեներգերով (2022թ. հանդես է եկել Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում «Մարգարիտ որոնողները» օպերայում, իսկ 2023թ․ Տոկիոյում՝ «Ռիգոլետտո» օպերայում Զիլդայի դերում)։ Հասմիկը շարունակում է երգել Կոլոն թատրոնում (Բուենոս Այրես, Արգենտինա) և Բոլոնիայի (Իտալիա) քաղաքային թատրոնում: Նա իր բարձրակարգ կատարումներով շարունակում է վայելել հանդիսատեսի համակրանքը և արժանանալ քննադատների բարձր գնահատականին։ Հաճընից գաղթած Վահան Համբարձումի Ճարատանյանը հոր պատգամը կատարեց. նա սեղան էր նստում յոթ զավակներով, նրանց ընտանիքների բոլոր անդամներով Հայաստանում՝ իր ձեռքերով կառուցած տանը։ Գերդաստանի բոլոր անդամները հպարտությամբ են կրում Ճարատանյան ազգանունը և բոլոր բնագավառներում բարձր են պահում հայրենասեր հաճընցու պատիվը։ Նրանցից յուրաքանչյուրը մասնակից է հայրենիքի վերակառուցման և բարգավաճման գործին։ Սիսակ և Կիմա Ճարատանյանների զավակներն են՝ Սուրեն և Սուսաննա: Սուրեն և Անուշ Ճարատանյաններն ունեն երեք դուստր՝ Աննա (քիմիկ-դեղագործ), Դիանա (մանկավարժ), Կիմա (երկրաբան, էկոլոգ), և յոթ թոռներ՝ Քրիստինա (ճարտարապետ), Նորայր (սպորտի վարպետ), Ռոբերտ, Լիլիանա (գեղանկարիչ), Համլետ, Աննա (պարուհի), Սարգիս (սպորտսմեն) և Սուրեն: Սուսաննա Սիսակի Ճարատանյան-Ռաֆայելյանը (մարզիչ, ուսուցիչ, դասախոս) ունի երկու որդի՝ Վարազդատ (լուսանկարչության ավագ դասընթացավար) և Սիսակ (նկարիչ), և երկու թոռ՝ Արտեմ, Անրի: Վահան Ճարատանյանը (շինարար) և Եվգինե Ճարատանյանը ունեն երկու զավակ՝ Վահան (մեխանիկ) և Արմեն: Վահանի կինը՝ Աննա Հակոբյանը ունի երկու զավակ՝ Համբարձում (ատամնաբույժ), Տաթևիկ (տնտեսագետ)։ Արմենի զավակներն են՝ Դավիթ և Եվգինե։ Կարապետ Վահանի Ճարատանյանը (շինարար) և Մարլենա Սիմոնյանը (բանասեր) ունեն մեկ որդի՝ Արսեն (արհեստավոր) և մեկ թոռ: Մանուշ Վահանի Ճարատանյանը (քիմիկոս, դասախոս) ունի երկու որդի՝ Հայկ (ինժեներ-մեխանիկ) և Արայիկ (տեխնիկ-մեխանիկ) և երկու թոռ՝ Վահան (սպորտսմեն, 2020թ. Արցախյան պատերազմի մասնակից), Հարություն (վիճակագրության և տվյալագիտության մասնագետ): Անահիտ Վահանի Ճարատանյանը (ֆիզիկոս) ունի մեկ որդի՝ Գրիգոր (ճարտարապետ), և մեկ թոռ՝ Ռաֆայել: Ասյա Վահանի Ճարատանյանը (հաշվապահ) ունի երկու զավակ՝ Արթուր (մանկավարժ) և Արփինե (դասախոս), և երկու թոռ՝ Մարիամ (պարուհի), Ասյա (դաշնակահարուհի): Եղիսաբեթ Վահանի Ճարատանյանը (երգչուհի) և Գագիկ Թորոսյանը (արհեստավոր) ունեն երկու դուստր՝ Սոնա (երգչուհի), Հասմիկ (օպերային երգչուհի)։ Սոնայի զավակներն են՝ Անի (փաստաբան), Հակոբ (սաքսոֆոնահար)։