Հարություն Մարտին Քեշիշյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Ծնվել է 1922թ. դեկտեմբերի 24-ին Բուենոս Այրեսում: Ծայրահեղ աղքատության պայմաններում ավարտելով տարրական դպրոցը՝ Հարությունը, առաջնորդվելով արվեստի և դպրության նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ, սկսեց զբաղվել ինքնակրթությամբ՝ նախանձելի կամք դրսևորելով: Հետագայում աշխատեց առևտրային տարբեր ճյուղերում, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սեփական գործ սկսեց կաշվե իրերի ոլորտում և ընդլայնեց այն՝ հասցնելով մինչև մեծածախ մատակարարի մակարդակի: 1949 թվականի նոյեմբերին ամուսնացավ հաճընցի Արմենիա Թուրսարգսյանի հետ (ծնված 1926թ.): Զավակներն են՝ Գևորգ Խորխե (26 դեկտեմբերի, 1951թ.), Սիրվարդ Գրասիելա (1954թ.) Հարություն Մարտին (1955-1986): Գևորգը համալսարանական կրթություն է ստացել տնտեսագիտության ոլորտում: 1975թ. ամուսնացել է հոգեվերլուծաբան Ալիսիա Անա Ճամբազյանի հետ, ունեն երեք դուստր՝ Նադիա (բոդիբիլդինգի մարզիչ), Նոելիա (մանկաբույժ), Սեսիլիա (ճարտարապետ), և հինգ թոռներ՝ Մարտին, Լյուսիա, Դիեգո, Թոմաս և Կամիլա: Սիրվարդ Գրասիելան ունի երեք զավակ: Հարություն Մարտին Քեշիշյանը տարված էր լուսանկարչությամբ. ձեռք բերեց առաջնակարգ սարքավորումներ և տանը հիմնեց սեփական լուսանկարչական լաբորատորիան: Նա դարձավ լուսանկարչական արվեստի բարձրակարգ վարպետ, բազմաթիվ մրցանակներ ստացավ, այդ թվում՝ միջազգային: Արգենտինայի ռազմածովային նավատորմի անձնակազմի հետ հիմնեց Foto Club Marina կազմակերպությունը, որը նախագահում էր ավելի քան մեկ տասնամյակ: Լուսանկարչական բազմաթիվ արշավներ կազմակերպեց Արգենտինայի հարավում գտնվող Պատագոնիայի ափեր, հատկապես Անտարկտիկայի հատված: Այդ արշավների արուստ տեղեկատվական նյութ և դիդակտիկա պարունակող հազարավոր լուսանկարների տեսալսողական ցուցահանդեսներ բացվեցին տարբեր վայրերում: Երևանում նույնպես ցուցադրվել են որոշ լուսանկարներ և հիացմունքով են ընդունվել մեր հայրենակիցների կողմից: Նրա գործունեությունը շարունակվել է Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում: Իսկ Հայաստան կատարած տասնյակ ճամփորդությունների ընթացքում արված հազարավոր լուսանկարներում պատկերել է Հայաստանի բնությունը և հազարամյա պատմությունը: Լուսանկարել է նաև աշխարհի տասնյակ հայ համայնքների առօրյան, մասնավորապես այնտեղ գործող եկեղեցիները և չփրկագնված ցեղասպանության մասին վկայող հուշարձանները: Մարտինի արվեստը բարձր է գնահատել Վազգեն Առաջին կաթողիկոսը. Վեհափառ հայրապետը հաճախ էր ինվիրում նրա ստեղծագործություններից: Մարտինի լուսանկարչական ոսպնյակը հավերժացրել է Վազգեն Վեհափառին, ինչպես և Հայաստանից ժամանած բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վազգեն Վեհափառի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով: Հայաստանի Երրորդ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան շնորհել է ՀՀ քաղաքացիություն: Նոր Հաճըն քաղաքի հիմնադիր Աշոտ Հարությունյանը քաղաքի կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի համար Մարտին Քեշիշյանին շնորհել է «Նոր Հաճընի պատվավոր քաղաքացի» կոչում: Մարտին Քեշիշյանը մահացել է 2001թ. ապրիլի 6-ին 78 տարեկանում, թաղված է Սբ Գայանե վանքի բակում, որտեղ թաղված է նաև նրա որդին՝ Հարություն-Մարտինը: