Հայկանուշ Սաչյան-Գրքաշարյան

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍԱՉՅԱՆ-ԳՐՔԱՇԱՐՅԱՆ
Ծնվել է 1936թ. Շասս-սյուղ-ղոնում (Ֆրանսիա): 1948թ. ծնողների հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Հայկանուշը 1954թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Սովորելու տարիներին վերապատրաստվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո 17 տարի դասավանդել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Օպտիկա» ամբիոնում՝ միաժամանակ ծավալելով գիտական գործունեություն: 1961թ. ամուսնացել է հին հաճընցու զավակ Ահարոն Գրքաշարյանի հետ:1975թ. ընտանիքը Հայաստանից տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզ: Հայկանուշը ևս 20 տարի դասավանդել է Փարիզի Բարձրագույն էլեկտրոնիկայի և Ճարտարապետության ինստիտուտում: Հայկանուշ Սաչյան-Գրքաշարյանը «Հաճը՜ն, եթե քեզ մոռանանք» ֆրանսերեն հուշագրության հեղինակն է: Ծնողների հուշերի հիման վրա գրված գիրքը Հաճընի 1920թ. հերոսամարտի լուսաբանման տեսանկունից անգնահատելի նշանակություն ունի թե՛ պատմաբանների, թե՛ հաճընցիների համար: Այսօր գիրքը ներկայացված է 4 լեզուներով: Գիրքը հրատարակվել է Փարիզում 2012թ., իսկ 2014թ. Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն: 2015թ. Նոր Հաճընում հեղինակի և սփյուռքից ժամանած բազմաթիվ հաճընցիների մասնակցությամբ տեղի է ունեցել հայալեզու գրքի շնորհանդեսը: Բուենոս-Այրեսում Մարի Քրբեկյանի ջանքերով թարգմանվել է իսպաներեն, իսկ 2017թ. Լոս Անջելեսում Արմեն Արսլանյանի բարերարությամբ թարգմանվել է անգլերեն: Հայկանուշի՝ գիրքը ֆրանսերեն գրելու նպատակը Հաճընի ողբերգության մասին աշխարհին տեղեկացնելն է՝ կանխելու համար նման աղետի կրկնությունը: Հայկանուշ Գրքաշարյանը նաև Կիլիկիայի հայկական ջարդերի, մասնավորապես Հաճընի 8-ամսյա հերոսամարտի դեպքերի լուսաբանման վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և դասախոսությունների հեղինակ է, 1915թ. Հայոց ցեղասպանության և Հաճընի 1920թ. հերոսամարտի ոգեկոչման միջոցառումների ակտիվ կազմակերպիչ և մասնակից: Իրենց մասնագիտական բարձր որակների շնորհիվ Հայկանուշ և Ահարոն Գրքաշարյանները կայացած և պահանջված մասնագետներ էին: Ահարոն և Հայկանուշ Սաչյան-Գրքաշարյանները Փարիզի հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչներից են, Նոր Հաճըն քաղաքի լավագույն բարեկամները: Հայկանուշ և Ահարոն Գրքաշարյաններն ունեն երկու դուստր՝ Հասմիկ և Գոհարիկ: Հասմիկը դեղագործական գիտությունների դոկտոր է, ունի սեփական դեղատուն: Հասմիկը և Գևորգ Չափարյանը (ֆրանսիական ընկերության առևտրի ճյուղի տնօրեն) ունեն երեք զավակ. Դիանան դեղագործական գիտությունների դոկտոր է, ամուսնացած է համակարգչային ինժեներ Րաֆֆի Փափազյանի հետ, զավակներն են՝ Սաշա և Լիզա: Միքայելը վիրաբույժ-տրավմատոլոգ է, ամուսնացած է Փալիկ Քարաօղլանյանի (հաշվապահ) հետ. զավակներն են՝ Նուռ-Անի և Շուշան: Ռաֆայելը Փարիզի Բարձրագույն էկոնոմիկայի ինստիտուտի ուսանող է: Գոհարիկը բիոֆիզիկայի դասախոս է Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում: Ամուսնացած է Գևորգ Մելքոնյանի (ֆրանսիական ընկերության առևտրի ճյուղի տնօրեն) հետ. զավակներն են՝ Էլենա և Քաղեն: Էլենան, փայլուն արդյունքներով ավարտելով Փարիզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, այժմ աշխատում է ԱՄՆ-ում: Քաղենը, ավարտելով Փարիզի Առևտրի բարձրագույն դպրոցը, աշխատում է հայտնի ընկերություններից մեկում: