Եփրեմ «Չերքեզ» Կրբեկյան

ԵՓՐԵՄ «ՉԵՐՔԵԶ» ԿՐԲԵԿՅԱՆ

Ծնվել և մեծացել է շուրջ հարյուր հիսուն հոգուց բաղկացած նահապետական ավանդապաշտ ընտանիքում: Փոքր տարիքից ապրել է հովվական կյանքով. հետագայում մտաբերում էր, թե ինչպես է մանուկ հասակում ձմռանը` Սուրբ Ծնունդին, ընկերների հետ, այծերի արահետներով թռչկոտելով, սրընթաց իջել ժայռերից և սուզվել սառնորակ գետի ջրերը՝ քահանայի ձեռքով ջրվեժից գետը նետած խաչը գտնելու համար: Այդ անհոգ կյանքը շարունակվել է մինչև մահաբեր 1915-ը: Հազարավոր հայրենակիցների հետ նա էլ թողել է հայրական տունը, սակայն չի միացել Դեր-Զորի անապատները վտարվող տարագիրներին, այլ ապաստանել է Հաճընի հարևանությամբ գտնվող չերքեզական մի բնակավայրում, որտեղ նրան համարձակության և ֆիզիկական ճարպկության համար ընդունել են որպես յուրայինի: Այդ ժամանակ էլ նա ստացել է «Չերքեզ» մականունը: 1919թ. Եփրեմն իր ութ հազար հայրենակիցների հետ վերադարձել է ֆրանսիացիների հովանավորության տակ գտնվող Հաճըն, կազմել ընտանիք. ծնվել է առաջնեկը` Գևորգը: Սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել: 1920թ. մարտին մեկնարկում է Հաճընի հնամենի պատմության ամենափառավոր էջը` հերոսական ինքնապաշտպանությունը: Եփրեմը համալրում է պաշտպանների շարքերը, իսկ նրա կրտսեր եղբայրը` պատանի Վարդանը, զինամթերք և պարեն է հասցնում դիրքեր: 1920թ. հոկտեմբերի 15-ին Եփրեմը և Վարդանը Հաճընի 387 պաշտպանների շարքում, զենքը ձեռքին, ճեղքել են թշնամու պաշարման մահաբեր օղակը և դուրս եկել շրջապատումից: Ավաղ, Եփրեմի կինը և առաջնեկը վեց հազար հաճընցիների հետ սրի են քաշվել: Նույն թվականին Եփրեմ Կրբեկյանը տեղափոխվել է Սիրիա` Դամասկոս, որտեղ սիսեցի Տեր Ավետիսի դուստր Սանդուխտ Լաչինյանի հետ կազմել է նոր ընտանիք, ունեցել մեկ որդի և հինգ դուստր: 1926թ. Կրբեկյանները տեղափոխվել են Բեյրութ, որտեղ Եփրեմը զբաղվել է դերձակությամբ և մեծ դժվարությամբ հոգացել իր օրեցօր աճող ընտանիքի կար