Եղիա Ճերեճյան

ԵՂԻԱ ՃԵՐԵՃՅԱՆ
Պատմաբան, հասարական-քաղաքական գործիչ Եղիա Կարապետի Ճերեճյանը ծնվել է 1957թ. Բեյրութում (Լիբանան)՝ հայրենասեր և ավանդապաշտ հաճընցիների ընտանիքում: Հաճախել է ՀԲԸՄ Լևոն Կ. Նազարյան վարժարանի նախակրթարանը, երկրորդական ուսումը ստացել է ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում՝ 1984թ. ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը: 1975թ. Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի շրջանում Եղիան մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանության կազմակերպական աշխատանքներին: Պատանի տարիքից հասարակական գործունեություն է ծավալել: Երևանում և Բեյրութում ուսանողական շարժումների եռանդուն կազմակերպիչներից է, առավելապես Հնչակյան կուսակցության շրջանակներում: Երևանից Բեյրութ վերադառնալով՝ աշխատում է սեփական ատամնաբուժական կլինիկայում: Շարունակելով հասարակական գործունեությունը՝ նշանակվում է «Արարատ» օրաթերթի խմբագրական մարմնի անդամ՝ միաժամանակ խմբագրելով «Արարատ» երիտասարդական պարբերաթերթը: 1988թ. աղետալի երկրաշարժից հետո լիբանանահայության կողմից նշանակվում է «Հայաստանի աղետյալների Լիբանանահայ մարմնի» անդամ, որի առաքելությունն էր լիբանանահայ համայնքի օժանդակությունների կազմակերպումը և Հայաստան հասցնելը: Այս ընթացքում Եղիան համագործակցում է Արցախյան ազատագրական շարժման մասնակիցների հետ: 1991թ. ընտրվում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Լիբանանի շրջանի վարիչ մարմնի ատենապետ: 1992-2009թթ. հաջորդաբար չորս անգամ ընտրվում է Լիբանանի խորհրդարանի անդամ՝ մայրաքաղաք Բեյրութի ընտրատարածքից: Խորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ վեհաժողովների և բանակցությունների՝ Դամասկոսում, Փարիզում, Դոհայում (Քաթար), Երևանում և Մոնրոյում: 2001-2002թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ գործող Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի գործադիր մարմնի անդամ: 1995-2017թթ. եղել է ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ: Հրապարակել է հոդվածներ՝ հատկապես պատմական բովանդակությամբ, հեղինակ է հայերեն և օտարալեզու պատմական աշխատություններին նվիրված ավելի քան 100 գրախոսականի: Պարբերաբար մասնակցում է հայոց պատմության նորագույն հարցերի շուրջ գիտաժողովների: Դասախոսություններ է կարդացել Դամասկոսում, Հալեպում, Ամմանում, Նիկոսիայում, Կահիրեում, Լոնդոնում, Փարիզում, Նիսում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում: Հեղինակ է շուրջ 20 գիտական ուսումնասիրությունների: 2019թ. ՀՀ ԳԱ ակադեմիայի կողմից հայագիտութեան, մասնավորապես հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար դոկտոր Եղիա Ճերեճյանին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: 2015թ. Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ Ճերեճյանի նախաձեռնած «Հրասիրտները» մատենաշարով տպագրվեցին «Մեծն Մուրատ» (2016թ., Երևան), «Ս. Վահագն» (2017թ., Բեյրութ), «Պանդուխտ» (2018թ., Բեյրութ), «Ժիրայր» ( 2019թ., Բեյրութ) գրքերը:
Հրատարակություններ
- «Արիւնոտ գոյերթի վկաներ», 1989, Բեյրութ
- «Հայկական ջարդերը ճիչ է՝ ուղղուած մարդկութեան խղճին», 1985, Բեյրութ (արաբերեն)
- «Փանթուրանիզմը», 1998, Բեյրութ
- «1912 թուի Օսմանեան երեսփոխանական ընտրութիւնները եւ արեւմտահայութիւնը», 2007, Բեյրութ
- «Յաւերժի ճամբու կերտիչներէն», 2014, Բեյրութ:
Ամուսնացած է ճարտարապետ Հուրի Փաթափությանի հետ: 2011 թվականից ի վեր Եղիա Ճերեճյանը ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Երևանում (Հայաստան):