Գեվորգ Եփրեմի Կրբեկյան

ԳԵՎՈՐԳ ԵՓՐԵՄԻ ԿՐԲԵԿՅԱՆ (1923-1993)
Մեծ է եղել Եփրեմի զարմանքը և վրդովմունքը, երբ իր տասնմեկամյա առաջնեկը` Գևորգը, որն արդեն սովորում էր Սահակյան վարժարանում, ցանկություն է հայտնել ուսումը շարունակելու Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Հաղթահարելով հոր համառ դիմադրությունը՝ Գևորգը թողել է հարազատներին և յոթ տարով մեկնել Կիպրոս: Վարժարանում նրա դասարանակիցն է եղել ապագա մեծանուն նկարիչ Հակոբ Հակոբյանը (1923- 2013): Մելգոնյան վարժարանն ավարտելուց հետո Գևորգը նշանակվել է Սահակյան վարժարանի ուսմասվար: 1946թ. Կրբեկյանները հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան: Գևորգը ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, ավարտել է 1951թ. և գործուղվել Երևանի կաբելի գործարան՝ աշխատելու քիմիկոսի մասնագիտությամբ: 1955-1972թթ. որպես կրտսեր գիտաշխատող, իսկ հետո որպես ավագ ինժեներ՝ նա աշխատել է Գիտությունների ակադեմիայի քիմիական ինստիտուտում: 1971թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան: 1972-1974թթ. որպես ավագ գիտաշխատող աշխատել է Պոլիմերների ինստիտուտում, 1974-1982թթ. նույն պաշտոնում` Քիմռեակտիվների ինստիտուտում, որտեղ գլխավորել է տեղեկատվական բաժինը: Տիրապետելով օտար լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, նա թարգմանել է օտարալեզու բազմաթիվ գիտական աշխատություններ: Սակայն Գևորգ Կրբեկյանի «կյանքի ծաղիկը» դարձել է Նոր Հաճըն քաղաքում կառուցված Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձանը: Վաթսունական թվականներին Արզնու ձորում մի զբոսանքի ժամանակ Եփրեմը, ոգևորվելով տեղի բնության տեսարաններից, ժայռերի անմատչելիությունից, հիշել է հայրենի տունը և պատգամել որդուն այդ գողտրիկ վայրում մի հուշակոթող կանգնեցնել՝ անմահացնելով Արծվաբույն Հաճընի հիշատակը: Հետագայում, երբ Գևորգը հանդիպել է Ռաֆայել Իսրայելյանին և ներկայացրել գոյամարտի մանրամասները, վաստակաշատ ճարտարապետը, հետզհետե ոգևորվելով պատմածից, սկզբում նախագծել է ցայտաղբյուրը, այնուհետև ավելացրել Սուրը և Արծվի քանդակը և վերջապես ավարտուն տեսքի բերել՝ աջից նախագծելով եկեղեցին, իսկ ձախից՝ բերդապարիսպը։ Դեռևս շինարարական աշխատանքներին նախորդող կազմակերպական հարցերով զբաղվելիս նա ոչ միայն դարձել է Հաճըն հայրենակցական միության առաջին ընտրված նախագահը, այլև եղել է միության ոգին: 1957 թվականից ի վեր Գևորգը Հովհաննես Գեջակուշյանի, Գրիգոր Կույումջյանի, Ղազարոս Խրիմյանի, Կարապետ Շնորհավորյանի, Վարդգես Խրիմյանի, Ժիրայր Պերպերյանի և այլոց հետ նոր ոգևորություն և թափ է հաղորդել այդ գործին՝ խանդավառելով հայրենաբնակ բոլոր հաճընցիներին: Արդյունքում կառուցվեց հուշարձանը, նրան առընթեր ստեղծվեց Հաճընի պատմության թանգարանը, միության գործունեությունը վերելք ապրեց: Այդ ամենի ոգին Գևորգն էր: Գևորգը հայրենասիրության մարմնացում էր, իսկական հաճընցի, մարդկային առաքինություններով օժտված անձնավորություն. իր համեստությամբ, աշխատասիրությամբ, անկեղծությամբ, անմիջականությամբ և մեծահոգությամբ արժանացել է միայն համընդհանուր սիրո և հարգանքի: