Գեչիդջյան Ընտանիք

ԳԵՉԻԴՋՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հայկազուն Գեչիդջյանը ծնվել է 1900թ. Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում: Որդին է Ղազարոս Գեչիդջյանի և Մարիամ Եջեքյանի: Ադանայից փախչելով Մերսին՝ Իզմիրի եկեղեցու հրդեհից հրաշքով փրկված Հայկազունը երկու օր անդադար լողում է Միջերկրական ծովում. նրան գտնում է և փրկում է ամերիկյան մի նավ: Ազատվելով մահվան ճիրաններից՝ ապաստանում է Պիրեայի նավահանգստում, որտեղից էլ Աթենք է հասնում 1921թ.: Թամիցա Չալյանը ծնվել է 1906թ., դուստրն էր Հաճընի վերջին քաղաքապետ Կարապետ Չալյանի (զոհված 1920թ. հոկտեմբերի 15-ին): Հաճընի հերոսամարտից վեց ամիս առաջ Թամիցան, նրա մայրը և ընտանիքի մյուս զավակները մազապուրծ հասան Աթենք: Թամիցան և Հայկազունը հանդիպեցին և ամուսնացան 1922- 23թթ.: 1928թ. նրանք Հունաստանից տեղափոխվեցին Բուենոս Այրես: Գեչիդջյանները Արգենտինա հասան, երբ առաջնեկը՝ Գրիգորը, վեց ամսական էր: Հետպատերազմյան Եվրոպայի աղքատությունն ու զրկանքները խլել էին նրանց երկու զավակներին, և Հայկազունը ինքն իրեն խոստացավ այլևս չվերադառնալ այնտեղ: Բնակվեցին Վալենտին Ալսինա բանվորական թաղամասում: Հայկազունը պաշտոն զբաղեցրեց Ջրի մատակարարման պետական գործակալությունում: Այնուհետ սկսեց զբաղվել կաշեգործությամբ, որ այն ժամանակ Արգենտինայում տարածված արհեստ էր: Հայկազունն և Թամիցան, Գրիգորից բացի, այլ զավակներ ևս ունեցան՝ Պաբլո, Կարապետ և Մարիա:Բոլոր որդիներն էլ բարձրագույն կրթություն ստացան. Գրիգորը՝ բժշկության, Պաբլոն՝ փաստաբանության, Կարապետը՝ ատամնաբուժության ոլորտներում: Հետագայում թողեցին իրենց մասնագիտական աշխատանքը, օգնեցին Հայկազունին՝ ընդլայնելու և նորացնելու պապական փոքր իկ գործարանը և հաջողեցին: Միակ դուստր՝ Մարիան, սիրում էր պարել. ավարտեց իսպանական պարի դասընթացներ և 1950-60 ական թթ. Նանի Մորա ծածկանունով հայտնի ֆլամենկո պարուհի էր. գրավեց լավագույն բեմերը, բեմադրություններ կազմակերպեց Արգենտինայի հանրահայտ թատրոններում, հասավ մինչև ԱՄՆ: Աշխատասեր, եկեղեցասեր և հայրենասեր Գեչիդջյանների ընտանիքի համար միակ մայրենի լեզուն մնաց հայերենը. նրանք սատարել և սատարում են գաղութի հայապահպանման գործին: 1960-ական թվականներից Գեչիդջյան և Պալասանյան ընտանիքները ամուր կապերով կապվեցին: Մարիա Գեչիդջյանն ամուսնացավ Գառնիկ Պալասանյանի և Զարդար Պայրամյանի որդի Խուան Կառլոսի հետ և ունեցավ երկու զավակ՝ Մարիաննա (մասնագիտությամբ ճարտարագետ) և Խուան Կառլոս՝ հասարակական հաղորդակցության և առևտրի բակալավր, Պերուի 1190 սպորտի ընդհանուր մենեջեր: Պաբլո Գեչիդջյանը ամուսնանում է Պողոս և Սրբուհի Պալասանյանների կրտսեր դուստր Մարիայի հետ: Ունեն երեք զավակ՝ Խուան Պաբլո (գործարար), Էդուարդո, (գործարար և վաճառական), Մարիա Սեսիլիա (փաստաբան, ԱՄՆ):