Աննա Դոլաբջյան

ԱՆՆԱ ԴՈԼԱԲՋՅԱՆ
Life Coach Կյանքի մարզիչ, նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետ, հիպնոթերապևտ, Եգիպտոսում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի դեսպան
Աննա Դոլաբջյանը ծնվել է 1957թ. Երևանում: Պապը արմատներով Մարաշից է, տատը՝ Հաճընից: Ավարտել է «Ռոբերտ Սիմիկ Քոուչինգ» ինստիտուտի նեյրոլեզվաբանական դասընթացը: Նա ավարտել է նաև մեծ վարպետ Չուա Քոք Սուի Pranic Energy Healing կենսական կյանքի ուժով ապաքինող ուսուցումը՝ հասնելով Արհատ մակարդակի: Եղել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի օգնականը (1993-1998թթ.), Կահիրեի Ամերիկյան համալսարանի նախագահության՝ միջոցառումների կազմակերպման բաժնի տնօրեն (2010-2015թթ.): Հիմնել է «Հայաստանից հարսեր Եգիպտոսում» միությունը, որն ունի շուրջ 40 անդամ: ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի ղեկավարության աջակցությամբ՝ 2013թ. սեպտեմբերին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) պաշտոնապես ներկայացվեց Եգիպտոսում: Աննան այդ մասին լսել էր տարիներ առաջ, երբ ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը համալսարանի ծրագիրը ներկայացնում էր Եգիպտոսի հայկական գաղութին: Ապրելով Հայաստանում և սփյուռքում՝ նկատել էր, որ ՀՎՀ-ն մեծ դեր է ունի աշխարհասփյուռ հայերին միավորելու գործում: 2013թ. Աննան նշանակվում է ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչը Եգիպտոսում: 2015թ. պարգևատրվել է շնորհակալագրով և արժանացել ՀԲԸՄ ՀՎՀ պատվավոր դեսպանի տիտղոսին՝ ի գնահատումն իր մատուցած ջանքերի և անսահման նվիրվածության: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերին՝ ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ. Ե. Զորյանի՝ Եգիպտոս կատարած այցի ժամանակ: «Շատ հաճելի է աշխատել ՀՎՀ-ի հետ: Ես, իմ գաղութի պես, վայելում եմ հայրենիքիս մոտ լինելու յուրաքանչյուր վայրկյանը: Հայկական վիրտուալ համալսարանի շնորհիվ այդ դրական ու ջերմ ներուժը սփռում եմ իմ շրջապատում»,- նշում է տիկին Դոլաբջյանը: Աննա Դոլաբջյանը ամուսնացել է եգիպտահայ Գեղամ Թրայանի հետ: Ունի երկու զավակ՝ Լոռնա և Էդնա, 3 թոռ՝ Լենա, Իրինա, Սիենա: Ապրում է Կահիրեում (Եգիպտոս):