Անդրանիկ Դագեսյան

ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱԳԵՍՅԱՆ

 Բանասեր, հայագետ, խմբագիր, մատենագետ, քաղաքագիտության դոկտոր 

Նախնական կրթությունը ստացել է Նոր Հաճընի Հայ ավետարանական Կերթմենյան վարժարանում, ապա հաճախել է «ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան մանչերու երկրորդական վարժարան»: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը (1983թ.): Եղել է «Զարթոնք» օրաթերթի մշակութային բաժնի խմբագիրը, միաժամանակ դասավանդել է զանազան վարժարաններում: 1989թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: 1990-1993թթ. պաշտոնավարել է Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնյան կրթական հաստատությունում՝ սկզբում իբրև ավագ ուսուցիչ, այնուհետև իբրև գործադիր տնօրեն: 1993թ. վերադարձել է Բեյրութ, հրավիրվել է Հայկազյան քոլեջ (այժմ համալսարան) իբրև Հայկազյան հայագիտական հանդեսի (ՀՀՀ) գործադիր քարտուղար, միաժամանակ դասավանդել է համալսարանում, իսկ 1993-2010թթ. եղել է ուսանողական արտադասարանային գործունեության տնօրենը: 2011թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքագիտության ոլորտում «Ժողովրդավարություն և ինտեգրումը բազմահամայնքային հասարակություններում. հայերն ու քրդերը Լիբանանում» թեմայով (Ուէյլզի Սուանզի համալսարանում): Այնուհետև ստանձնել է Հայկազյան համալսարանի նորահաստատ Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի (ՀՍՈԿ) տնօրենի պաշտոնը, որը վարում է մինչ օրս: 2018 թվականից ի վեր Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիրն է: Հայագիտական հարցեր (2014թ.), Ցեղասպանագիտական հանդես (2018թ.), Բազմավեպ (2019թ.), Բանբեր Հայաստանի արխիվների (2023թ.) պարբերականների խմբագրակազմերի անդամ է: Որպես ՀՍՈԿ տնօրեն՝ կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային գիտաժողով Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիայի, Կիպրոսի, Հունաստանի և արաբական ծոցի երկրների հայ գաղթօջախներին և հայագիտության հարցերին: Խմբագրել և հրատարակել է այդ գիտաժողովների նյութերը (հրատարակվել է վեց հատոր, սպասվում են ևս երկուսը): Խմբագրել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրած բազմաթիվ գրքեր: Կազմել և հրատարակել է «Բարսեղ Կանաչյան (1885-1967), Կեանքի մը երաժշտացումը» (2017) և «Հաճընի հերոսամարտի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, վավերագրեր, լուսանկարներ» (2013թ.) աշխատությունները: Թարգմանել և հրատարակել է Ալիս Քիփ Քլարքի «Նամակներ Կիլիկիայէն (օրագրութիւն)» հատորը (2020թ.): Կազմել և հրատարակել է «Լիբանանահայ գիրքը 1894-2012թթ., Մատենագիտական ցանկ» (2013թ.) և «Հ.Բ.Ը. Միութեան Հաճընի որբանոցը 1919-1920» (2021թ.) հատորները: Հեղինակ է «Լիբանանի հայօճախը՝ Համարկումին խաչուղիները (1920-2005)» մենագրության: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ժողովըրդավարությանը, մարդու իրավունքներին, ինքնությանը, Սփյուռքի մշակույթի պահպանմանը, Միջին Արևելքի հայ գաղթօջախների պատմությանը վերաբերող հարցեր: Անդրանիկ Դագեսյանի կինը՝ Ալինան (ծագումով զեյթունցի) մասնագիտությամբ դաշնակահարուհի է և երաժշտության ուսուցիչ: Նրանք ունեն մեկ որդի՝ Արեգ Արտակ (ծնվ. 1989թ.), մասնագիտությամբ մշակութաբան է, 2019թ. դոկտորական է պաշտպանել Էդինբուրգի համալսարանում: