Ազատուհի Սիմոնյան-Գալայճյան

ԱԶԱՏՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆ -ԳԱԼԱՅՃՅԱՆ
Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանը ծնվել է 1937թ., հաճընցի հայտնի հերոս Ասատուր Սաչյանի հինգ դուստրերից կրտսերն է: Նախնական կրթությունը ստացել է 1950թ. Բեյրութի Նոր Հաճըն թաղի Սահակ-Մեսրոպյան նախակրթարանում, իսկ երկրորդական ուսումը՝ Հայ ավետարանական քոլեջում: 1957թ. ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ Sophomore-ի վկայականով: 1960-2007թթ. առանց ընդհատումների անգլերեն (լեզու և գրականություն) է դասավանդել Լիբանանի Ամերիկյան համալսարանում (LAU), այնուհետև կենսաթոշակի է անցել: Ազատուհին անընդմեջ զարգացրել է իր համալսարանական կրթությունը. 1957թ.՝ Հայկազյան համալսարան, 1960թ.՝ Բեյրութի Կանանց քոլեջ (այժմ՝ LAU), 1963թ.՝ Միչիգանի համալսարան (ԱՄՆ), 1980թ.՝ Բեյրութի Ամերիկյան համալսարան, որտեղ արժանացել է Պսակավոր Արվեստից՝ BA, և Մագիստրոս Արվեստից՝ MA, տիտղոսների անգլերենի (լեզու և գրականություն) ուսուցման մասնագիտական ոլորտում, 1982թ.՝ «Reading» համալսարան (Անգլիա), «Columbia» և «UCLA» համալսարաններ (ԱՄՆ), «Concordia», «York» (Կանադա) համալսարաններում հետևել է անգլերենի ուսուցման նորագույն մեթոդների դասավանդման ծրագրերին և դասընթացներին: Ազատուհի Սիմոնյանը Լիբանանի Ամերիկյան համալսարանում (LAU) 47 տարի շարունակ աշխատանքային գործունեության ընթացքում իր բարեխիղճ և բծախնդիր նկարագրի, ուսանողին առավելագույնս օգտակար լինելու նվիրումի համար արժանացել է ուսանողության մեծ գնահատանքին: 2000թ. ապրիլին ուսանողների կողմից արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» տիտղոսին: Ազատուհին, բացի դասախոսելուց, նաև ազգային պարտավորություն է ստանձնել հայ ուսանողության հանդեպ: Պաշտոնավարման ողջ ընթացքում նա եղել է ուսանողների խորհրդատուն և բարեկամը՝ խրախուսելով նրանց հաջողությունները և զորավիգ լինելով դժվարությունների հաղթահարման ճանապարհին: Մեծ է Ազատուհի Սիմոնյանի ավանդը նաև հայ ուսանողներին կրթաթոշակներով ապահովելու գործում: «Գալուստ Գյուլբենկյան», ՀԲԸՄ և այլ ազգային հաստատություններին ուղղված նրա հանձնարարականները, ինչպես նաև համալսարանում գործող նյութական օժանդակության և կրթաթոշակի հարցերով զբաղվող մարմիններին նրա ազդեցիկ միջնորդությունները ծառայել են ի նպաստ բազմաթիվ հայ ուսանողների ուսումնառության իրականացման: Այսօր մեծ թվով երիտասարդներ երախտագիտությամբ են հիշում Ազատուհի Սիմոնյան բարերարի դերակատարությունը իրենց համալսարանական ուսման ապահովման գործում: Ազատուհի Սիմոնյանն իր ամուսնու՝ գրող Պեպո Սիմոնյանի՝ Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջի որպես տնօրեն պաշտանավարման 20 տարիների (1975-1995թթ.) ընթացքում հաստատության Անգլերենի բաժնում աշխատել է որպես փորձառու համակարգող՝ իր մասնագիտական հմտությունները ներդնելով քոլեջում անգլերեն ուսուցման մակարդակի բարձրացման գործում: Ազատուհի Սիմոնյանը գործուն ներկայություն ունի հայ ազգային կյանքում իր դասախոսություններով, հրապարակային զրույցներով, ինչպես նաև մամուլում հրատարակած մանկավարժական, հոգեբանական, ընտանեկան, մշակութային, դաստիարակչական բովանդակությամբ հոդվածներով:
Հասարակական գործունեությունը. անդամակցություն «Ճինիշեան Յիշատակի Ձեռնարկ»-ի (1999- 2006թթ.) և «Հաուրտ Գարակէօզեան» մանկախնամ հաստատության (2008 թվականից ի վեր) խորհրդատու մարմիններին:
Գրական գործունեությունը. նրա երկու գրքերը՝ «Հայ կինը, Ընտանիքը, Երիտասարդը» (1988թ.) և «Երիտասարդություն և Դաստիարակություն» (1995թ.) հրատարակվել են Կիլիկիո Կաթողիկոսության Քրիստոեական դաստիարակության բաժանմունքի կողմից: Հրատարակել է անգլերեն ուսումնասիրություն հայ առաջին ֆեմինիստ գրող Սրբուհի Տյուսաբի մասին (2000թ.), «Հայ կինը և մշակույթը» (2013թ.), որն ընդգըրկում է հայ մշակույթի, հատկապես գրականության նշանավոր կանանց մասին անգլերեն և հայերեն հոդվածներ, ուսումնասիրություններ: Անգլերեն հոդվածներ՝ LAU Կանանց հիմնարկի «Ալ-Ռաիտա» պարբերականում: «Երիտասարդ հայուհի» ամսաթերթի գլխավոր աշխատակից (1965-1968թթ.): 2010թ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հռչակեց «Հայ կնոջ տարի», որի եզրափակիչ փուլը նոյեմբերի 25-ին կայացած Տիկնանց համագումարն էր: Համագումարում զեկուցող Ազատուհի Սիմոնյանը ներկայացավ «Ո՞ւր է հայ կինը ներկայ աշխարհի կնոջական շարժումներուն յարաբերար» թեմայով: Ազատուհի Սիմոնյանը մասնակցել է նաև Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի կազմակերպած «Հայ կնոջ դերին ծիրն ու հզօրացումը» թեմայով խորհրդաժողովին (29 ապրիլի, 2017թ.)՝ «Հայ կինը առաջնորդող տարբեր դերերու մէջ՝ հայոց պատմութեան ընթացքին» զեկուցումով, և «Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայերը» գիտաժողովին (12 ապրիլի, Կահիրե)՝ անգլերենով ներկայացնելով «Արտեմիս, կանանց իրաւունքներու պաշտպան թերթը» (հիմնադիր և խմբագիր՝ Մարի Բեյլերյան, 1902-1904թթ.): 2010թ. Ազատուհի Սիմոնյանը Հայկազյան համալսարանում հանդիսության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և հայրապետական կոնդակով: 2018թ. Ազատուհի Սիմոնյանը լիբանանահայ գաղութում երկար տարիների դաստիարակչական, մշակութային և ազգային գործունեության համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի Օրհնության և Գնահատանքի Գրին: