ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ․․․ Գլուխ 3
Ապրիլի 2-ին թուրքերը բոլոր կողմերից կրակ բացեցին Հաճընի վրա՝ օգտագործելով հրանոթներ, այն դեպքում, երբ պաշտպանների զենքի մեծ մասը գերմանական էր, և յուրաքանչյուր հրացանին հատկացված 15-ական փամփուշտներն էին սպառվում։Ռուսական 135 հրացանները բավարար չէին չորս ճակատով կռիվներ մղելու համար։Ապրիլի 4-ին թուրքերը պաշարեցին /AMERICAN BOARD/ ընկերության երկու շենքերը, որտեղ 100 հաճընցի, 300 որբ տղաներ ու աղջիկներ և 7 ամերիկացի քարոզիչներ ընկան թուրքերի ձեռքը։Միայն երկու դիրքեր էին մնում թշնամու տիրապետությունից դուրս՝ Սուրբ Հակոբի վանքը, ուր 20 որբեր պաշտպանեցին 15 օր շարունակ , և Թուր-Սարգիսյանների տունը, որտեղ 15 քաջեր դիմադրեցին երկու շաբաթ շարունակ։Ապրիլի 6-ին թուրքերը հարձակվեցին Կելիկի և Գոփուշի միջև ընկած դիրքերի վրա։ 60 յուրային թողնելով ՝ ոսոխը նահանջեց, մինչդեռ հայերի մեջ ոչ մի վիրավոր չկար։Ապրիլի 21-ին թուրքերը Տոլամաջում տեղադրված հրանոթի կրակը ուղղեցին դեպի Սուրբ Հակոբի վանքը, ուր քսան որբերը հերոսաբար դիմադրեցին, սակայն գիշերն ընկնելուն պես դուրս եկան վանքից և տեղավորվեցին քաղաքի ներսի խրամատներում։Թուր-Սարգիսյանների տունը նույն ճակատագրին արժանացավ։Այսպիսով,արտաքին պաշտպանական վերջին երկու դիրքերն ընկան, և քաղաքի շուրջ օղակն էլ ավելի սեղմվեց։Ապրիլի 30-ին քաղաքի վրա բոլոր կողմերից 5 ժամ շարունակ կրակի հեղեղ թափվեց։ Վիճակը դառնում էր տագնապալի։Պետք էր ելք գտնել։Ի վերջո ղեկավարները որոշեցին սուրհանդակներ ուղարկել Սիս՝ օգնություն խնդրելու։Սակայն երկու օր հետո , թուրքերը նրանց բռնեցին ու սպանեցին։Մայիսի 28-ինմեկ այլ սուրհանդակ Ասատուր Սաչյանը հասավ Սիս, բայց ապարդյուն․ֆրանսիացիները Սիսը պարպելու հրաման էին ստացել և Հաճընին չէին կարող օգնել։
Հունիսի 8-ից 9-ի գիշերը հինգ անզեն պատանի զգույշ մոտեցան Սուրբ Հակոբի վանքին և տեսան, որ այն հսկում են ընդամենը երկու տասնյակ թուրքեր։Լուրը հասավ Հարություն Գըրպըգյանին, ով իր հինգ զինվորների հետ գնաց վանք, գցեց երկու նռնակ։Թուրքերը փախան, նրանց հետևելով հաճընցիները հասան նրանց ճամբար, կրկնեցին նույն սխրանքը։Գիշերվա ժամը 5-ին նրանց միացավ Մկըր Մանասեյանը, Ղարա Ջեհեննեմը և գրավեցին Սուրբ Հակոբի բոլոր լքված դիրքերը։Այնտեղից բերեցին զգալի ավար՝ զենք, զինամթերք,ինը տոննա ցորեն․․․։
Այնուհետ եկավ հունիսի 18-ը․ ևս մեկ ճակատագրական օր։Հաճընի ողջ բնակչությունը սգի մեջ էր։Գլխավոր հրամանատար Սարգիս Ճեպեճյանն ազդրի շրջանում վիրավորվել էր։Չնայած բժշկական բոլոր միջոցներին՝ նա մինչև կյանքի վերջը գամված էր մնալու անկողնում։Նա, ով կցանկանար մահն ընդունել հերոսաբար՝ իր ձիու վրա․․․Հուլիսի 13-ի առավոտյան հրանոթները ռմբակոծեցին Կելիկ թաղամասի ոստիկանատունը։Մարտը տևեց տասը ժամ, վերջապես թուրքերը նահանջեցին։Այս պարտությունից հետո թշնամին այլևս չերևաց, և հուլիսի 16-ին կնքվեց հրադադար։Երկու թուրք պատվիրակներ հանդիպեցին Մեսրոպ Շխրտմյանին ու Պետրոս Թերզյանին։Նրանք պահանջեցին, որ ֆրանսիական դրոշը իջեցվի և դրա փոխարեն թուրքական կիսալուսինը ծածանվի Հաճընի վրա,որ հաճընցիները հանձնեն ամբողջ զենքն ու զինամթերքը․․․այդ դեպքում են նրանք խոստանում հայերին խաղաղություն։Երեքժամյա բանակցություններից հետո հակառակորդների միջև ոչ մի համաձայնություն չկնքվեց, մինդեռ սով էր ընկել քաղաքում։Գրեթե բոլոր կենդանիները սպանված էին, մնացել էին մի քանի կաթնատու կով՝ հիվանդների ու վիրավորների համար։Քաղաքապետ Չալյանը պլան էր մշակել թշնամու թնդանոթ և գնդացիրներ խլելու․կանայք տնետուն ընկած ծեծած ցորեն հավաքեցին և մի կաթնատու կով մորթեցին , մսով Մատաղ ապուր/հարիսա/ եփեցին ու կերակրեցին սոված բնակչությանը։Հետո 200 քաջերի համար սպիտակ քաթանից հագուստներ կարեցին՝ ներկելով ընկույզի գույնով ՝ հողի գույն տալու համար։Օգոստոսի 5-ի գիշերը այս մարդիկ մտան Հաճընի հարավով հոսող գետը և իջան մինչև թշնամու գիծը։
Շարունակելի․․․․
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանային հավաքածու
Նկարում ՝ Սարգիս Ճեպեճյանն է, գլխավոր հրամանատարը։Հունիսի 18-ին վիրավորվել էր ազդրի շրջանում և գամված էր անկողնուն։ Հոկտեմբերի 15-ին ՝Հաճընի անկման օրը, թուրքերը սպանեցին նրան և գլուխն ի ցույց դրվեց ամենուրեք։