ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ․․․ Գլուխ 2
Հունվարի 21-ին Մարաշը ենթարկվեց առաջին հարձակմանը։Տասնութ օրվա ընթացքում Մարաշը քաղաքը վերածվեց դժոխքի։ Հրկիզվեցին հարյուրավոր քրիստոնյաների տներ և վեց հայ առաքելական եկեղեցի։ Զոհերի թիվը կազմեց ութ հազարից ավելի հայ ․․․Մարաշի ողբերգությունը, ինչպես նաև Հաճընի սահմաններում թուրքերի ներկայությունը ստիպեցին հաճընցիներին պատրաստվել ինքնապաշտպանության։ Այս բախտորոշ պահին Սարգիս Ճեպեճյանը գտնվում էր Հաճընում։Նա Անդրանիկ զորավարի առաջին հեծյալ գումարտակի հրամանատարն էր։Լինելով փորձառու մարտիկ՝ նա իրեն պարտավոր էր զգում կազմակերպելու Հաճընի ինքնապաշտպանությունը։Նա հավաքեց մոտ 50 ազդեցիկ մարդկանց և ժողով արեց։Ստեղծվեց մի մարմին, որը կոչվեց /Հաճընի ինքնապաշտպանության գերագույն խորհուրդ/՝ կազմված 11 անդամից եպիսկոպոս Պետրոս Սարաճյանի նախագահությամբ։Պարզվեց, որ Հաճընում 580 մարդ է ի վիճակի զենք գործածելու , այն դեպքում , երբ ունեն ընդամենը 66 հրացան։Կոչ արվեց 15-ից 60 տարեկան բոլոր տղամարդկանց 24 ժամվա ընթացքում ներկայանալ հանձնաժողովին։ 600 տղամարդ զորակոչվեց , ստեղծվեց 4 հետևակ և 60 հոգուց բաղկացած հեծելազոր։Սարգիս Ճեպեճյանը նշանակվեց զինված ուժերի գլխավոր հրամանատար։Կարապետ Օղլուգյանը նշանակվեց առաջին վաշտի հրամանատար, Մեսրոպ Շխրտմյանը՝ երկրորդ վաշտի հրամանատար, Մկրտիչ Մանասյանը՝ 3-րդ և Վահան Ալթունյանը՝ 4-րդ վաշտի,Պետրոս Թերզյանը՝ հեծելազորի հրամանատար, /Վրեժ/խմբի հրամանատար՝ Արամ Թերզյան-Կայծակը։ Չորս վաշտերը գրավեցին լեռների բարձունքները և դիրքավորվեցին ձյունածածկ լեռնալանջերի վրա։Կանայք հավաքում էին հագուստ, ծածկոցներ, գործում էին գուլպաներ և պատրաստում չորահացեր։Տարեց տղամարդիկ տնից տուն էին գնում՝ բահեր, քլունգներ ,անհրաժեշտ գործիքներ էին հավաքում խրամատներ փորելու համար։Բոլորը զբաղված էին ինքնապաշտպանությունը նախապատրաստելու աշխատանքներով, լուր ստացվեց, որ Հաճընից 9 ժամ հեռավորության վրա գտնվող Շար գյուղը թուրքերը գրավել են։
1920թ․ փետրվարի 19-ին նոր կայմակամ /քաղաքապետ/ նշանակվեց Կարապետ Չալյանը։Լավ իմանալով, որ մահվան էր դատապարտվում Չալյանը համաձայնեց։Նա բերեց 300 հրացան, 50000 փամփուշտ , գերմանական 200 ռումբ։Քեմալականների հարձակումներն իրար էին հաջորդում Հաճընին ավելի ու ավելի մոտ գտնվող գյուղերի վրա։Մարտի 12-ին ընկավ Ֆեքե գյուղը։Հարևան գյուղերը մեկը մյուսի ետևից ընկնում էին թուրքերի ձեռքը։Հաճընը մեկուսացված էր, կտրված արտաքին աշխարհից։Նահանջի ճանապարհը դեպի Սիս ՝ փակվելու վրա էր։Չալյանը Սսի ֆրանսիացի կառավարիչ Թայարդայի հետ զրույց ունեցավ դեպի Սիս հաճընցիների անվտանգ տեղափոխման հարցերով։Եղավ պատասխան ․/Ոչ մի զինվոր չի ուղարկվի Սսի և Ֆեքեի միջև ընկած ճանապարհին, հաճընցիները պետք է մշտապես մարտունակ վիճակում լինեն և եթե 15 օր դիմակայեն, օգնական ուժերը կհասնեն/։Ադանայում էր գտնվում մեկ այլ պատվիրակություն եպիսկոպոս Սարաճյանի գլխավորությամբ։․․․հաճընցիները որոշեցին հեռագիր ուղարկել Ադանայում գտնվող պատվիրակությանը և ահազանգել Հաճընում տիրող իրավիճակների մասին։ Սարաճյանը դիմում է անգլիացի գնդապետ Բրեմոնին և չբավարարվելով նրա պատասխանից հեռագրում է․/․․․․ Սա վերջին հեռագիրն է, որ ես ուղարկում եմ Հաճընը կործանումից , թշնամու սպառնալիքից փրկելու համար,մենք մտածեցինք հնարավոր բոլոր միջոցների մասին․․․ ես այս տողերը գրում եմ արցունքով․ իմ բոլոր քայլերն ապարդյուն էին։Ոչ մի տեղից օգնության հույս չի նշմարվում։Հաճընը փրկելու միակ միջոցը , ձեր կյանքը փրկելու հնարը․․․ձեր ողջ ունեցվածքը թողելն ու հնարավորինս արագ Սիս տեղափոխվելն է։Աստված Ձեզ միշտ պահապան։/
Մայրս հիշում է մարտի 14-ի այդ առավոտը։Վաղ առավոտյան ամբողջ քաղաքն արթուն էր, բոլորը փողոցում էին ՝ վախեցած ու խուճապահար․․․Դեր Զորի ճանապարհի հիշողությունները դեռևս շատ թարմ էին, չէին մոռացվել։Հանկարծ կեսօրին մոտ եկավ ժողովրդին ուղղված երկրորդ հեռագիրը՝ ստորագրված Տամատյանի և պատվիրակության այլ անդամների կողմից։Այնտեղ ասվում էր, որ եպիսկոպոս Սարաճյանի նամակին չպետք է կարևորություն տալ․ պետք է պահպանել քաջություն , որ պատրաստվում են ուղարկել ամրապնդման լրացուցիչ միջոցներ․․ և որ հաղթանակը իրենցն է լինելու։
Մայրս հիշում է, որ ժողովուրդը միանգամից հանդարտվեց։Նույնիսկ վշտի արցունքները փոխվեցին ուրախության արցունքների․․․Չալյանը մեկ անգամ ևս դիմեց ժողովրդին, հիշում էր հայրս,, բացատրելու համար որ երկու հեռագրերը միմյանց հակասում են, որ պետք է հավատալ առաջինին և անվտանգ վայր տեղափոխել սկզբում տարեց մարդկանց և երեխաներին , այնուհետ մյուսներին։Հաճընցիները շփոթմունքի մեջ էին․․․ Որոշում կայացվեց հեռագրով բացատրություններ պահանջելու։Դժբախտաբար, հեռագրալարերը կտրվել էին՝ խափանելով արտաքին աշխարհի հետ կապի վերջին միջոցը․․․
Հաճընը, ինչպես հայրս էր ասում, բախտի քմահաճույքին էր թողնվել․ նրա միակ պաշտպանը լեռներն էին․․․
Շարունակելի․․․
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանային հավաքածու
Նկար 1-ին՝ ձախից աջ՝ Հռիփսիմե Ռեջեպյան և Սառա Սաչյան/հեղինակի մայրը/
Նկար 2-րդ ՝հեղինակի ընտանիքը, կենտրոնում՝ վերապրող հայրն ու մայրը