ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Աշխարհասփյուռ և հայրենաբնակ հաճընցիների ևս մեկ երազանք իրականություն
դարձավ.1978թ. հիմնադրվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը: Այն գտնվում է Կիլիկիայի
Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ներսում:
Թանգարանային հավաքածուն բաղկացած է 2202 թանգարանային առարկաներից. այդ թվում՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթղթեր, հուշագրություններ, բացառիկ լուսանկարներ,պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր: Թանգարանային առարկաների մեծ մասը
հաճընցիների ժառանգների նվիրատվություններ են, որոնք Հաճընի պատմության, կենցաղի և 1920թ.
հերոսամարտի անխոս վկաներն են: Թանգարանի ներսում ամփոփված են Հաճընի հերոսամարտի
նահատակների մասունքներ, որոնց շնորհիվ թանգարանը դարձել է սրբավայր-ուխտատեղի:
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը հիմնադրումից ի վեր թե՛ համայնքի, թե՛ Կոտայքի
մարզի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է. այն Նոր Հաճընի մշակութային այցեքարտն է:
Թանգարանն իր գործունեության 45 տարիների ընթացքում դարձել է Կիլիկիայի հայկական մշակութային
ժառանգության պահպանման և հանրահռչակման եզակի վայրերից մեկը . յուրատեսակ կրթական
միջավայր, որ սրբավայրի նշանակություն է ձեռք բերել հատկապես սփյուռքահայության համար՝ դառնալով
սփյուռք-հայրենիք մշակութային և գործարար կապերի, սփյուռքի և հայաստանաբնակ հաճընցիների
համախմբման, պատմական հիշողության փոխանցման, զբոսաշրջության զարգացումը խթանող
կարևորագույն գործոն:
Թանգարանի 45-ամյա պատմության կերտողները, անկասկած, նվիրյալներ են: Անգնահատելի է
Աշոտ Հարությունյանի (Բյուրեղ ա/մ տնօրեն) , թանգարանի առաջին պատասխանատու Արաքսյա
Մարտիրոսյանի (1978-1988 թթ.) և աշխարհասփյուռ հաճընցիների ավանդը թանգարանի կազմավորման
և անդրանիկ ցուցադրության կազմակերպման գործում՝ աջակցությամբ Սփյուռքահայության հետ
մշակութային կապի կոմիտեի:Առանձնահատուկ երախտագիտության է արժանի էլիզա Մելիքյան-
Վարդանյանը (1988-2000թթ.): Նրա և հայրենաբնակ հաճընցիների (Թ.Թաթուլյան, Գ.Կրբեկյան,
Ղ.Խրիմյան,Ա.Մանգրյան, Ս.Կրկյաշարյան, Հ.Մանջյան, Գ.Գույումջյան) նախաձեռնած հավաքչական
աշխատանքների շնորհիվ թանգարանային հավաքածուն զգալիորեն հարստացավ նորանոր
ցուցանմուշներով. թանգարանը դարձավ հայրենանվեր գործունեության միջավայր, ամուր կապեր
հաստատվեցին աշխարհասփյուռ հաճընցիների հայրենակցական միությունների հետ:
Թանգարանի նախկին պատասխանատուների հիմնած ավանդույթները այսօր էլ սրբորեն
պահպանվում և հարստանում են նոր մտահղացումներով ու գաղափարներով: Կիլիկիահայերի, այդ թվում՝
հաճընցիների ժառանգների նվիրատվությունների շնորհիվ թանգարանի հավաքածուն պարբերաբար
համալրվում է պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերով, վերապրածների անտիպ հուշերով, եզակի
լուսանկարներով, որոնք ունեն փաստագրական անգնահատելի նշանակություն: Վերջին տարիներին Դի-
Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն –
Սիվիտաս ՀԿ-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցության արդյունքում
թանգարանը համալրվել է մուլտիմեդիա ցուցադրությամբ: Ժամանակակից տեղեկատվական
տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ թանգարանը ձեռք է բերել կրթամշակութային գործունեության նոր
հնարավորություններ, ինչը նպաստում է թանգարանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ
հանրության տեղեկացվածության ընդլայնմանը:
2021թ. ապրիլի 23-ից հաճընցիների ժառանգներ Արսլանյան ընտանիքի բարերարությամբ
թանգարանում գործում է ժամանակակից դիզայներական լուծումներով և նոր բովանդակությամբ մշտական
նոր ցուցադրություն: Այն նվիրված է Կիլիկիայի Հաճընի՝ 1920թ. 8-ամսյա հերոսամարտի 100-
ամյակին: Թանգարանի ներքին ձևավորման ու դիզայներական հայեցակարգի հեղինակը Լուսինե
Մաթևոսյանն է: Նոր ցուցադրության գիտական հայեցակարգը հեղինակել է պատմական գիտությունների
դոկտոր Հայկ Դեմոյանը:
Հերոսական Հաճընը փյունիկի պես հառնել է մոխրից. 65 տարի շարունակ նրա զարկերակը
տրոփում է Նոր Հաճըն քաղաքում,որի արծվահայաց հուշարձան- թանգարանում թևածում է սուրբ
նահատակների ազատատենչ ոգին:
Թանգարանի առաքելությունն է պահպանել և փոխանցել պատմական հիշողությունը՝ ի հիշատակ հերոս
նախնիների և որպես պատգամ գալիք սերունդներին: