ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՃԸՆԻ 1920Թ. ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Հայ ժողովրդի պատմությունը չափվում է հազարամյակներով, որոնք ուղեկցվել են հերոսապատումներով ու դաժան գոյապայքարներով:Ճակատամարտեր, հերոսամարտեր, ինքնապաշտպանական կռիվներ- ահա այն հնոցները, որտեղ հայ ժողովուրդը ապացուցել է ապրելու իր ՛  իրավունքը:Կիլիկիայի Հաճնի 1920թ. ութամսյա դյուցազնամարտը հայ ժողովրդի պատմության ազատագրական պայքարի հերոսական և անմոռանալի էջերից մեկն է, ինքնահաստատման ու դաժան գոյապայքարի խոսուն վկան:Այն հայոց պատմագրության թերևս ամենաքիչ ուսումնասիրված թեմաներից է: Լեռնային Կիլիկիայի հինավուրց քաղաքներից մեկը՝ Հաճընը, Առաջին աշխարհամարտից առաջ ուներ մոտ 30-35000 ազգաբնակչություն, բացառապես հայեր, որոնք 1915թ. ահավոր եղեռնի ժամանակ զինաթափվեցին ու աքսորվեցին Տեր-Զորի անապատները, որտեղ նրանց մեծ մասը ոչնչացավ: 1918թ. հոկտեմբերի  30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած շուրջ  6000 հաճընցիներ վերադառնումեն Հաճըն՝ հայրենի ծուխը կրկին ծխեցնելու վճռականությամբ:Սակայն հաճընցիների խանդավառությունը կարճ է տևում:Մարաշի աղետից հետո արդեն որոշակի է դառնում , որ Ֆրանսիան Կիլիկիան թողնելու է թուրքերին, և նման դիվանագիտական խարդավանքների զոհը պետք է  դառնար ոչ միայն Հաճընը, այլև ողջ Կիլիկյան Հայաստանը:

1920թ. սկզբներից Հաճընի դրությունը գնալով ծանրանում էր: Քեմալական վտանգն արդեն բացահայտ էր դարձել: Վերահաս աղետին հաճընցիները որոշում են դիմագրավել կազմակերպված՝ զենքը ձեռքներին: Հաճընի  ինքնապաշտպանության գործը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական բարձրագույն մարմին՝ Սարգիս Ճեպեճյանի գլխավորությամբ:Արամ Կայծակը՝ Թերզյանը, որի «Վրեժ» խմբի պարտականությունն էր օգնության հասնել վտանգված դիրքերին, նշանակվեց Ս.Ճեպեճյանի տեղակալ:Հաճընում ստեղծվում  է  «Ինքնապաշտպանութեան բարձրագույն ժողով» եպիսկոպոս Պետրոս Սարաճեանի գլխավորությամբ:  Ինքնապաշտպանության Բարձրագույն ժողովի հրամանով զորակոչվում են Հաճընի 15-60 տարեկան բոլոր տղամարդիկ:Կարապետ Օղլլուգյանը նշանակվում է 1-ի վաշտի հրամանատար, Մեսրոպ Շխրտմյանը՝ 2-րդ, Մկրտիչ Մանասյանը՝ 3-րդ, Վահան Ալթունյանը՝ 4-րդ, իսկ Պետրոս Թերզյանը՝ հեծելաջոկատի հրամանատար:Քաղաքը բաժանվում է  չորս դիրքի՝

1.Իժ  Օլուգ – հյուսիս արևելյան

2.Տոնուզ- Սեքե – հյուսիս արևմտյան

3.Կէօյնիկ –  հարավ- արևելյան

4.Չալդան- հարավ արևմտյան

Հիշյալ բոլոր դիրքերն էլ լեռնային էին,որը և բավական հեշտացնում էր ինքնապաշտպանության գործը:Փորվում էին խրամատներ, կառուցվում նոր դիրքեր:Ինքնապաշտպանության կենտրոնատեղի  է  դառնում Սբ.Աստվածածին եկեղեցին:Այս օրհասական պայմաններում, երբ Հաճընի կապը արտաքին աշխարհի հետ խզված էր, իսկ դրսից ակնկալվող օգնությունը՝ բացառված, հաճընցիները ստիպված էին անհավասար կռիվ մղել քեմալական գերակշիռ ուժերի դեմ:

Ամբողջ ինն ամիս պայքար անմոռաց,

Արծիւների բույն Հաճընը գոռաց:

Շեփորդ հնչեցու՛ր, հերոս Ճէպէճի,

Վճռեր է կռուիլ ամէն հաճընցի:

Հաճընցի ծնանք, մեռնինք հաճընցի:

Գայլին դէմ առյիւծ ամէն հաճընցի:

Մարտի 13-ին Հաճընից ստացված մի հեռագրում ասվում էր. «Պաշարուեցանք, կըմեռնինք, անմիջապես օգնութեան համար պետք եղած տեղերը դիմէք»: Նման պայմաններում, երբ դրսից ակնկալվող օգնությունը չէր հասնում Հաճըն, ապա հաճընցիները կամ պետք է նահանջեին Սիս, կամ էլ պետք է մնային տեղում, ընդունեին անհավասար կռիվը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ստույգ մահ բոլորի համար:Պետրոս եպիսկոպոս Սարաճյանի ստորագրությամբ հեռագիր է ուղարկվում Հաճըն, ուր ասվում էր. «Կը ցավիմ, որևւէ օգնութիւն մի սպասէք: Անմիջապէս նահանջէք Սիս: Աստուած պահապան ըլլա ձեզի»: Հաճընցիները որոշում են նահանջել, սակայն Կիլիկիայի ազգային խորհրդի ազդեցիկ անդամ Միհրան Տամատյանը հեռագրում է. «Ասկե առաջ Սարաճեանի ստորագրութիւնով եկած հեռագրին կարևորություն մի տաք: Կորովնիդ բարձր պահեցէք:Վստահ եղեք, թե ամէն  պարագայ տակ դուք էք և Դուք պիտի ըլլաք հաղթողը»: Նահանջի պատրաստություններ տեսնող հաճընցիները ստանալով Տամատյանի հեռագիրը, կարծում են, թե իրավիճակը փոխվել է: Կառավարիչ Չալյանը, սակայն հորդորում է հաճընցիներին՝  բռնելու նահանջի  ճամփան: Հաճընին շուտով հասցվում է երկրորդ հարվածը: Հաճընին օգնելու նպատակով Հաճըն եկող բոլոր կամավորական ջոկատները զինաթափվում էին կամ պաշարվում: Ֆրանսիացիների օգնությունը որպես կանոն, խոստումներից այն կողմ չէր անցնում: 1920թ. մարտի 28-ին  սկսվում  է  թուրքերի կանոնավոր բանակի հարձակումը: Արդեն հուլիսի 13-ի անհաջող գրոհից հետո քեմալականները զինադադար են առաջարկում, հուլիսի 16-ին  նույն թուրքերը հաճընցիներից պահանջում են հանձնել զենքերը: Հայերը, անշուշտ գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասում զենքերը հանձնելուց հետո և, բնական է որ մերժում են այն:Սակայն սովի ուրվականը և զինամթերքի պակասը լուրջ անհանգստություն է պատճառում հաճընցիներին: Ինքնապաշտպանության կոմիտեն վճռում է գրավել քաղաքին մեծ ավերածություններ պատճառող թուրքական թնդանոթը: Հանկարծակի եկած թշնամին լքում է Սուրբ  Սարգսի դիրքը՝ հայերին թողնելով բավականաչափ ռազմամթերք: Արամ Թերզյանի հրամանատարությամբ հաճընցի քաջերը օգոստոսի  6 լույս 7-ին գրավում են Տոնուզ- Սեքե բարձունքի վրա գտնվող թնդանոթը, սակայն հնարավորություն չունենալով այն տեղափոխել քաղաք, գլորում են դեպի ձորը: Բայց քանի որ թնդանոթը չէր վնասվել, ժողովուրդը այն տեղափոխում է Սբ.Աստվածածին եկեղեցու բակ:Այս հարձակումից հետո թուրքերը մարտադաշտում թողնում են մոտ 300 դիակ:Հայերի կորուստը կազմում է 15 սպանված մարտիկ: «Օդանաւ եկաւ մեծ աւետիսով, մեր սրտեր լեցավ ուրախ յոյսերով….»: Ավա՜ղ, դրսից Հաճընին օգնելու ցանկություններն ու հույսերը այդպես էլ չիրականացան:

Ֆրանսիական իշխանությունները կասեցնումէին կամավորական խմբերի մուտքը Հաճըն:Սեպտեմբերի  22-ին  շուրջ  300 հաճընցիներից կազմված կամավորական խումբը Ախարճայում զինաթափվում է, որով էլ կտրվում է կործանման դատապարտված հերոս Հաճընի հույսի վերջին աղբյուրը: Պարենի և զինամթերքի պակասը լրացնելու համար կոմիտեն որոշում է հարձակվել Հաճընի հյուսիսում գտնվող Ռումլու և Գյուզելիմ գյուղերի վրա:Սեպտեմբերի 23-ի գիշերը հաճընցիները հարձակվում են վերոհիշյալ գյուղերի վրա: Տողան բեյը հազիվ ճողոպրում է Վահկա:Հաճընն ապրում է կարճատև անդորրի մի շրջան:Հոկտեմբերի սկզբին կառավարիչ Չալյանը առաջարկում է օգուտ քաղել թուրքերի ժամանակավոր թուլությունից և նահանջել, սակայն այդ առաջարկը չի ընդունվում:Քեմալականների նոր համալրված զորքը սկսվում է վճռական հարձակումը:1920թ. հոկտեմբերի 15-ին ՝ ճակատագրական օրը՝ վաղ առավոտյան քեմալականները անցնում են կատաղի հարձակման և ներխուժում քաղաք: Ավերվում, հրդեհվում են բազում շինություններ: Խուճապահար ժողովուրդը շարժվում է դեպի քաղաքի հնարավոր ելքերը, բայց թշնամին ամենուրեք գնդացիրներ էր տեղադրել՝ փակելով հաճընցիների ճանապարհը:Օգտվելով առաջացած խուճապից քեմալականները մտնում են քաղաք ու գազանաբար վերացնում գրեթե բոլոր բնակիչներին:Ահա թե ինչ է գրում ֆրանսիացի պատմաբան Պոլ դյուՎեուն Հաճընի կոտորածի մասին .«Ներս մտան թուրքերը, գազաններու պէս մռնչելով, եւ վերջակետ դրին: Դուռներու ներքեւէն արիունը գետի պէս կհոսէր:Քահանաներ, կիներ, երեխաներ, մոմերը ձեռքներուն մէջ, իրենց անձը տրամադրեցին գերագոյն զոհողութեան… եւ խարոյկները վառեցան քսան օրեր եւ հրկիզեցին անոնց մարմինները»: Հաճընցիների որոշ խմբեր կարողանում են ճեղքել պաշարման օղակը: Շուրջ 387 փրկված հաճընցի անցնում է Ադանա, ապա՝Դէօրթ-Յոլ:Հաճընը  8 ամիս կռվեց հերոսի պես և ընկավ աստվածային վեհանձնությամբ:

Հաճընի հերոսական դյուցազնամարտի դասերը այսօր էլ արդիական են  և  Արցախյան ազատամարտի այսօրվա հերոսները կերտում են նորօրյա սխրանքներ, որոնք հերոսապատում են ներկա  և գալիք սերունդների համար ՝որպես ազգի և ժողովրդի ապրելու և հարատևելու գիտակցում: