Հատված՝ Ժերար Շալյանի <Հուշերիս հուշերը> գրքից։
Հեղինակի հորեղբայրը եղել է Հաճընի վերջին քաղաքապետը՝ Կարապետ Չալյանը, ով զենքը ձեռքին նահատակվեց 1920թ․ հոկտեմբերի 15-ին՝ Հաճընի անկման օրը։ Ընտանեկան հուշերի միջոցով հեղինակը նկարագրում է Հաճընի վերջին օրերը։
․․․․<Հորս կողմից գրեթե բոլորը զոհվել են․ ինը հոգանոց ընտանիքից երկուսն են ողջ մնացել։Դեպքերը պատահել են Հաճընում։Հորս ավագ եղբայրը, որը փաստաբան էր, Հաճընի քայմաքամի /քաղաքապետ/ պաշտոնն էր զբաղեցնում։Հորս մանկության մասին մեծ հաշվով ոչինչ չգիտեմ։Նրա անցյալից մի քանի պատկեր է մնացել ինձ։Լեռնային գետը, որտեղ կարելի էր լողանալ, մեղրահամ պտուղների տակ կքած թթենիները․․․։
Տասնհինգ տարեկան էիր հա՛յր, երբ որբացար։Հայրդ, մայրդ, եղբայրներիցդ և քույրերիցդ հինգը սպանվեցին։Դու ոտքով Կոստանդնուպոլիս հասար։Աչքիս առաջ Հաճընի մի հին լուսանկար է՝ մինչ 1915թ․։Միշտ սիրել եմ արծվաբները․դրանք թաքստոց են և որջ։Այդպիսին է Հաճընը․ ոտքս այլևս չեմ դնի այդ հողին։Աստվածամոր տաճարն եմ նշմարում․ այն տոնախմբությունների, ուխտագնացության վայր է եղել․․։Երկու լուսավորչական, երկու բողոքական եկեղեցի կար և մեկ կաթոլիկ։Վերին ու ներքին թաղերից ամեն մեկը ուներ իր սեփական շուկան և իջևանատները ու հանրային բաղնիքները։Ահա այստեղ է հայրս ապրել, երբ երեխա ժամանակ դպրոցից դուրս էր գալիս ու մագլցում թթի ծառը՝ մինչև մի օր կորցրեց ընտանիքը․․։Հայր , էլ երբեք չվերադարձար այնտեղ։
․․․Դու , հորեղբայր, Հաճընի կայազորի պարետն ես ․․․Ֆրանսիական զորքերը հեռանալիս զենք ու զինամթերք են թողել։Դրանցով պատրաստվում ես քաղաքը պաշարման մեջ պահել։Հորս պատմածն եմ ասում․Պաշարման յոթ ամիսներ՝ պարենի պաշարները սպառվում են, հույսի թելը բարակում է։Միակ ընտրությունը զենքը ձեռքին մեռնելն էր։
Ահա ես Հաճընում եմ․Հաճընն է այստեղ՝ լեռների վրա դիմադրելիս։Լսել եք լլկված կանանց ճիչերը, որոնք գիշատչի բութ բնազդներ են խռովում։Սարսափած կաք այն մանկան պես, որն իր սիրելիներին մեռած է գտել։
Չմոռանա՛ք Հաճընի մասին ։Այնտեղ ջարդված տոհմի ժառանգն եմ ես։
Հորեղբա՛յր,պատկերացնում եմ, թե վերջին կիրակի օրը ոնց ես համախմբել Հաճընի բոլոր մարտունակ տղամարդկանց։Երբ վերջին գրոհը տրվի, ոչ ոք թշնամու ձեռքը կենդանի չի ընկնի․սա վերջին ծառայությունն է հայրենիքին։Ահա և վերջ։
Հարգանքի այս տուրքը պարտք էի քեզ, հորս ավագ եղբայր։Քեզնից ինձ լոկ սխրանքը կմնա։Հանգչիր խաղաղությամբ։