Արտեմ Փաթափության

ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆ
Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան
Բեյրութի ՀԲԸՄ՝ Դեմիրճյան, Հովակիմյան-Մանուկյան, ապա Ռաուդայի վարժարաններն ավարտելուց հետո Արտեմ Փաթափությանը մեկ տարի ուսանել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկագիտության բաժնում, սակայն Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքը 1985թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1990թ. ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) կենսաբանի մասնագիտությամբ: Կրթությունը շարունակել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) և արժանացել Կենստիճանի (1996թ.): Ամուսնացել է Նենսի Հոնգի հետ: 2000թ. աշխատանքի է անցել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի և Նովարտիս հետազոտական հիմնադրամի Գենոմիկայի ինստիտուտում (Scripps Research center), 2002-2005թթ. նշանակվել է նույն հիմնարկի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, 2006-2014թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2005 թվականից ի վեր դասավանդել է Դորիսի նյարդաբանության կենտրոնում։ 2014 թվականից ի վեր Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։ Մասնագիտացել է զգայական փոխակերպման՝ ջերմաստիճանի, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալների և ընկալիչների (ռեցեպտորների) բացահայտման ոլորտում։ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ է (2016 թվականից): 2017 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ակադեմիայի անդամ է: Արժանացել է Young Investigator Award մրցանակի՝ նյարդաբանության ոլորտում ուրույն խոսք ունենալու համար (2006թ.), Սպենսերի մրցանակի (2017թ.), Ռոզենստիլի մրցանակի՝ հիմնարար բժշկական հետազոտություններում ակնառու արդյունքների հասնելու համար (2019թ.) և Կավլի համաշխարհային մրցանակի (2020թ.): Պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը 2021թ. արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության որտում՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար: 2022 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով և ընտրվել ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ։ Նրան շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Արտեմի պատվին «Հայփոստ»-ը թողարկել է նամականիշ։ Պրոֆեսոր Փաթափությանն իր մրցանակը՝ Նոբելլան մեդալը, նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին: Արտեմ Փաթափությանը ունի մեկ որդի՝ Լուկան: