Սիրուհի Բելլորյան

ՍԻՐՈՒՀԻ ԲԵԼԼՈՐՅԱՆ
Արգենտինայի հայկական համայնքի առաջին կին փաստաբան Իրավաբանական գիտությունների դոկտոր 1924թ. Բելլորյան ընտանիքը Հունաստանից գաղթեց Բուենոս Այրես: Սիրուհին որոշեց դառնալ իրավունքի ոլորտի մասնագետ. 18 տարեկանում ընդունվեց Բուենոս Այրեսի իրավաբանական համալսարան, ստացավ իրավագետի վկայագիր: 1949թ. Սիրուհի Բելլորյանը դարձավ Արգենտինայի հայկական համայնքի առաջին կին փաստաբանը: Նրա երեք զավակները, հինգ թոռները և չորս ծոռները հպարտության զգացում են տածում այդ բացառիկ հայուհու հանդեպ: Նա Արգենտինայում հայտնի իրավաբան էր: Շուրջ 60 տարի անընդմեջ պայքարել է մարդկանց իրավունքների համար: Քաղաքացիական և ընտանեկան իրավունքի թեմաներով կազմակերպել է գիտաժողովներ, անցկացրել դասախոսություններ: Սիրուհի Բելլորյանը Արգենտինայի հայ համայնքի ամենանշանավոր հաճընցիներից էր, Հաճընի արժանավոր դուստր, որ կրում էր այդ հերոս ժողովրդի բոլոր արժանիքները: Նա հայ էր, հույն, արգենտինացի, սակայն իրեն համարում էր իսկական հաճընցի՝ հպարտությամբ կրելով Բելլորյան ազգանունը: Բազմիցս այցելել է Հայաստան, եղել Նոր Հաճընի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում: Սիրուհին Բուենոս Այրեսում գործող Հաճըն Տան անդամ էր. նախագահելով նաև հաճընցիների միջազգային կոմիտեն՝ համագործակցում էր Արգենտինայի Հայկական կենտրոնի հետ, եղել է Ateneo Universitario Argentino Armenian հաստատության համահիմնադիրը: Արշակ Պիրանյանի հետ ամուսնությունը և երեք երեխաների (Ամարիլիս, Մարինա, Նոդգար) ծնունդը, ընտանեկան հոգսերն ու պարտականությունները երբեք խոչընդոտ չեղան հասարակական ակտիվ կյանքով ապրելուն, հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին մասնակցելուն: Երիտասարդ տարիքում այրիանալով՝ Սիրուհին իր զավակներին դաստիարակեց մարդկային բարձր արժեքների ոգով, հայրենիքի նկատմամբ սիրո միջավայրում: Նրա երկու զավակները և մեկ թոռնուհին շարունակեցին գործունեությունը՝ դառնալով իրավաբաններ, իսկ Մարինան ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը: Մարինա Պիրանյան-Բելլորյանն ունի երեք զավակ՝ Ալեքսիա, Էստեֆանիա, Դելֆինա Կալֆայաններ, և թոռներ՝ Լուկրեցիա, Իգնասիո, Ֆելիպե Նեգրե, Ֆրանսիսկո Կալոնիկո: Նոդգար Պիրանյանը և Մարիա Ավետիսյանը ունեն երկու զավակ՝ Ալին և Վիկտորիա: Սիրուհի Բելլորյանը ապրեց 100 տարի, մահացավ 2022թ. սեպտեմբերի 19-ին: