Սիմոն Կրկյաշարյան

ՍԻՄՈՆ  ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

 Հայ պատմաբան, թարգմանիչ, աղբյուրագետ, հունագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գրողների միության անդամ 

Կրկյաշարյանները Կիլիկիայի Հաճընի ամենաազդեցիկ ընտանիքներից էին: Հայրը՝ Միսակ Կրկյաշարյանը Հաճըն քաղաքից էր, մայրը՝ Ազնիվը՝ Ադանայից: Ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Սիմոնը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 7-ին Աթենքի Կոկինիա արվարձանում, ուր ծնողներն ապաստանել էին Կիլիկյան Հաճըն քաղաքից: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի յոթամյա հայկական դպրոցում, որն ավարտել է 1936թ.: Ապա ընդունվել է տեղի հունական գիմնազիան և այն ավարտել 1944–1947թթ. սովորել է Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում: 1947թ., կիսատ թողնելով ուսումը, Ս. Կրկյաշարյանը ներգաղթել է Հայաստան: Սկզբնական շրջանում պատմություն է դասավանդել Երևանի դպրոցներից մեկում: 1950թ. ընդունվում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954թ.: 1959թ. ընդունվում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրա և գործուղվում Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետի՝ Հունաստանի և Հռոմի պատմության ամբիոն: 1962թ. ավարտելով ասպիրանտուրան` Ս. Կրկյաշարյանը վերադառնում է Երևան, ուր որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցնում պատմության ինստիտուտում: 1963թ. Կրկյաշարյանը պաշտպանում է «Հելլենիստական թագավորների փոխհարաբերությունները Փոքր Ասիայի և Հայաստանի քաղաքների հետ» վերնագրով ատենախոսությունը և արժանանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: 1980թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը` «Հին Հայաստանի պետական կառուցվածքը» թեմայով: 2000թ. գիտական ծանրակշիռ վաստակի համար ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Ս. Կրկյաշարյանի գիտական հետաքրքրությունների շրջանը բազմազան է: Նա XX դ. վերջին չորս տասնամյակների ու XXI դ. գիտնական հայ թարգմանիչների խիստ երևելի առաջատարներից է:Հին աշխարհի գրական եզակի հուշարձաններից է Հոմերոսի «Ոդիսականը», որը հայ ընթերցողն ունեցավ 1957-ին: Հին հունարենի, գրաբարի, այլ լեզուների քաջիմացությունը, բազմագիտակությունը հնարավոր դարձրին իրականացնելու հին աշխարհի մատենագրական գանձերին համարժեք հայերեն ընտիր թարգմանությունները: Եվրիպիդեսի «Իփիգենիան Ավլիսում» և Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունների թարգմանությունները ևս պատկանում են մեծ գիտնականի գրչին: «Իփիգենիան Ավլիսում» ողբերգությունը, 1975-ից սկսած, մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ փառքի արժանացնելով նաև թարգմանչին: Կրկյաշարյանի շնորհիվ հայ ընթերցողի սեփականությունը դարձան Քսենոֆոնի «Անաբասիսը» (1970թ.), «Կյուրոպեդիան» (2000թ.), «Սոկրատյան երկերը» (2001թ.), Պլուտարքոսի «Կենսագրությունները» (2001թ.): Գիտնականի գրչին են պատկանում Հովսեփոս Փլավիոսի և Դիոն Կասսիոսի, ինչպես նաև Դիոդորոս Սիկիլիացու երկերի՝ Հայաստանին վերաբերող հատվածների թարգմանությունը: Վերջինիս գրչին պատկանող 40 գրքերը հայտնի են «Պատմական գրադարան» ընդհանուր խորագրով: Ուղղակի հիացմունք են պատճառում ԵՊՀ հրատարակած «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա» ժողովածուի I հատորում զետեղված այն նյութերի քանակը, որոնց թարգմանիչն է Ս. Կրկյաշարյանը: Դրանք վերաբերում են Հայաստանի պատմության հնագույն շրջանին և լրացնում են հայ ժողովրդի պատմույան վերաբերյալ ցանկալի գիտելիքների բացը: Հատկապես ուշագրավ է Մ. Ալեքսանդրապուլոսի «Հայերը» երկի թարգմանությունը (1984): Վերջին գործը, որ թարգմանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, Օմիրոս Մավրիդիսի «Ազնիվ» վեպն էր՝ Եղեռնից մազապուրծ մի կնոջ պատմություն: Հատկանշական է, որ Սիմոնի մոր անունը ևս Ազնիվ էր: Այս վեպը կարծես Սիմոն Կրկյաշարյանի հարգանքի տուրքն էր իր ծնողներին և Եղեռնից փրկված բոլոր մարդկանց: Անվանի գիտնականը հայ ուսանողությանն ու դասախոսներին, ընդհանրապես մտավորականությանը մատուցել է ևս մի կարևոր նվեր՝ «Դիցաբանական բառարանի» թարգմանությունը: Այս և նման այլ գիտական, աղբյուրագիտական, գեղարվեստական երկասիրութունների լույս աշխարհ բերելուն զուգընթաց՝ Ս. Կրկյաշարյանը նաև բանաստեղծ է. նրա «Ցայգալույս» բանաստեղծությունների հունարեն անդրանիկ ժողովածուն լույս է տեսել դեռևս Աթենքում 1946-ին: 1977թ.նա ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ: Ականավոր գիտնականի վաստակն ըստ արժանվույն գնահատվել է նաև արտասահմանում. 1986 թվականից ի վեր նա Հռոմի գրականության և արվեստի «Տիբերինա» ակադեմիայի արտասահմանյան անդամ է: Տարիների ընթացքում Ս. Կրկյաշարյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Ե. Չարենցի անվան, «Կանթեղ» և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մրցանակներին: Ողջ կյանքի ընթացքում նա հավատարիմ մնաց իր հայրենիքին: Թեև ազգականներն ու բարեկամները սփռված էին աշխարհով մեկ՝ Արգենտինայից մինչ Ավստրալիա, սակայն Սիմոն Կրկյաշարյանը մինչև կյանքի վերջը ապրեց և ստեղծագործեց Հայաստանում: Ամուսնացած է եղել ԽՍՀՄ գրողների միության անդամ, բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանի հետ, ունի մեկ զավակ՝ Արտաշես Կրկյաշարյան, և չորս թոռ՝ Արտակ, Արմինե, Միսակ և Անուշ: 

Սիմոն Կրկյաշարյանը մահացել է 2011թ. հունվարի 5-ին, 88 տարեկանում: