Շխրտմյան

ՄԵՍՐՈՊ ՇԽՐՏՄՅԱՆ

Հաճընի 1920թ. հերոսամարտի ժամանակ եղել է 2-րդ վաշտի հրամանատար: Նա հերոսաբար կռվել է թուրքերի դեմ՝ Հաճընը և շրջակա գյուղերը թուրքական բանակի ներխուժումից և դրան հաջորդող կոտորածներից փրկելու համար: Կամավորական խմբեր է կազմակերպել՝ պաշտպանվելու համար թուրքական և քրդական հրոսակախմբերից, որոնց նպատակն էր հայաթափել Հաճընը: Մեսրոպը կարողացել է փրկվել և գաղթել է Կիպրոս, որտեղ և բնակություն է հաստատել: Մեսրոպ Շխրտմյանը ունի երեք որդի՝ Գալուստ, Հաճըն, Վահե;

ԵՐՎԱՆԴ ՇԽՐՏՄՅԱՆ

Երվանդը փրկվել է կոտորածից թուրք մի ընտանիքի օգնությամբ, որը ճանաչում էր Երվանդի հորը՝ Գալուստ Շխրտմյանին: Երվանդը մնացել է Հաճընում և դարձել այդ ընտանիքի հովիվը: Կիպրոսում գտնվող Մեսրոպը տեղեկություն է ստանում, որ եղբայրը ողջ է: Երվանդին հաջողվում է ընկերների օգնությամբ փախչել և հասնել Կիպրոս. եղբայրները վերագտնում են միմյանց: Երվանդ Շխրտմյանը ունի երկու որդի՝ Կոկո և Հրանտ: 1960թ. նրանք տեղափոխվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն: Կոկո և Ռոզամունդ Շխրտմյանները ունեն երկու զավակ՝ Ջեյմս Երվանդ, Էմմա, և թոռներ՝ Նիկոլաս և Քրիստինա: Հրանտ և Լորետա Շխրտմյանները ունեն երկու զավակ՝ Մարսիա Աննա Մարիա (բարձրակարգ փաստաբան), Լարա Սևանե (բժիշկ, պրոֆեսոր), և թոռներ՝ Լեո Ռոլանդ Հիգս, Պերդիտա Անուշ Հիգս, Մաքս Լեո Շխրտմյան:

 ԶԱՎԵՆ ՇԽՐՏՄՅԱՆ

 Զավենը Հաճընի հերոսամարտի ժամանակ հազիվ 8 տարեկան էր: Թուրք զինվորները ներխուժում են նրանց տուն և ստիպում ծնողներին ու երկու հորաքույրերին ազատել տունը և Հաճընում մնացած բոլոր կանանց, տղամարդկանց և երեխաների հետ միասին քայլել դեպի Սբ Հակոբի վանքը: Այստեղ հասնելուն պես տղամարդկանց առանձնացնում են (Զավենն այլևս չտեսավ իր հորը): Զավենը ականատես է լինում հաճընցի կանանց և երեխաների կոտորածին: Երբ հերթը հասնում է Զավենին, թուրք զինվորները նրան օդ են նետում և կրակում: Զավենն ուշքի է գալիս դիակների կույտի մեջ: Նա հասկանում է, որ ողջ է, բայց հրազենային ցավոտ վիրավորում էր ստացել. գնդակը թափանցել է իր ձախ ոտքը և դուրս եկել մյուս կողմից: Հետո նա ձայներ է լսում. ևս երկու երեխաներ ողջ էին մնացել: Նրանք ցեխով ծածկում են իրենց վերքերը և կարողանում են փախչել:չԳտնում են մի ապահով վայր և այնտեղ մնում այնքան ժամանակ, մինչև Հաճընում բնակվող մի թուրք ընտանիք, որը ճանաչում էր Գալուստ Շխրտմյանին, իմանում է, որ Զավենը ողջ է: Նրանք Զավենին տանում են իրենց տուն և պահում որպես ծառա: Այդ ընտանիքը մեծ էր և ուներ շատ ծառաներ. բոլորի անունը Ալի էր: Զավենին կոչում են Գյավուր (անհավատ) Ալի: Երեք տարի Զավենը խնամում է ընտանիքի փոքրահասակ երեխաներին և կենդանիներին. մոռացել է իր մայրենի լեզուն և խոսում է միայն թուրքերեն: Երեք տարի անց Մեսրոպը իր գործընկերների միջոցով (նա հաջողակ առևտրական էր դարձել Կիպրոսում) տեղեկություն է ստանում, որ իրկրտսեր եղբայրը ողջ է: Որոշ ժամանակ անց Զավենը ապահով հասնում է Բեյրութ (Լիբանան), որտեղ նրան տեղավորում են մանկատանը, բայց Մեսրոպը ցանկանում էր, որ եղբայրները լինեն իր կողքին: Ի վերջո երեք եղբայրները վերագտնում են միմյանց Կիպրոսում: 12-ամյա Զավենը հայերեն չիմանալու պատճառով հայկական դպրոցում սովորում է 5 տարեկան երեխաների հետ: Բարձրահասակ լինելու պատճառով նրան անվանում էին «Մեծ տղա»: 1973թ. Զավենը ցեղասպանությունից փրկված այլ հաճընցիների հետ ներկա գտնվեց Նոր Հաճըն քաղաքում Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: Զավեն Շխրտմյանը և Մարի Զարդարյանը ունեն երեք զավակ՝ Մանուկ, Թագուհի Սիլվա և Վարդուկ, երեք թոռ՝ Թամար Ֆայն (փիլիսոփայության և տնտեսագիտության բակալավր, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Անգլիա), Շանթ Փուրյան (Անշարժ գույքի գծով զարգացման ծրագրի բակալավր, Գիտությունների մագիստրոս, Ռեդինգի համալսարան, Անգլիա), Ալեքս Փուրյան (Հյուրանոցային բիզնեսի կառավարման բակալավր, Անգլիայի Սուրեյի համալսարան): 1964 թվականից ի վեր ընտանիքը ապրում է Մեծ Բրիտանիայում: Զավեն Շխրտմյանը մահացել է 1988թ: Հայոց ցեղասպանությունը վերապրած Մեսրոպ, Երվանդ և Զավեն Շխրտմյանների ժառանգները պատվով և հպարտությամբ են կրում Շխրտմյան  ազգանունը: