Նազարեթ Ճերեճյան

ՆԱԶԱՐԵԹ ՃԵՐԵՃՅԱՆ

 Ծնվել է Բեյրութում: Նախակրթարանի ուսումը ստացել է Երվանդ Դեմիրճյան վարժարանում, երկրորդական ուսումը՝ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում: Համալսարանական ուսումը ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում՝ ավարտելով այն 1984թ., իսկ 1986թ. ստանում է մագիստրոսի վկայական (մետաղյա կառույցների գծով մասնագետ): 1987-88թթ. եղել է Ազգային Ռուբինյան վարժարանի տնօրեն: 1995-96թթ., 2010- 2021թթ. եղել է ՀԿԲՄ Սահակյան – Լ. Մկրտիչյան քոլեջի տնօրենը: Պատանի տարիքից անդամակցել է ՀԵԸ-ի «Զարեհ Նուբար» սկաուտական շարժմանը: Աշխատել է «Արարատ» օրաթերթում որպես մարզական էջի պատասխանատու: 1994թ. հունվարից ՍԴՀԿ Լիբանանի Վարիչ մարմնի ցուցումով և Նազարեթի անմիջական ջանքերով «Արարատ» օրաթերթը թվայնացվել է. դա առաջին փորձն էր լիբանանահայ մամուլում: 3 անընդմեջ շրջաններ (1992թ., 1996թ., 2000թ.) ընտրվել է ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վարիչ մարմնի անդամ՝ վարելով ատենադպիրի պաշտոնը, ՀՄՄ դիվանապետությունը, ընտրական և ընկերային ծառայության գրասենյակների պատասխանատվությունը: 2000-2010թթ. վարել է Լիբանանի Հաճըն հայրենակցական միության ատենապետի պաշտոնը: 1978-1982թթ. եղել է ՀՄԸՄ Անթիլիասի ֆուտբոլի թիմի դարպասապահը, 6 տարի Բեյրութի ՀՄՄ ֆուտբոլի թիմում՝ գլխավոր և փոխարինող դարպասապահ: Մասնակցել է Լիբանանի բարձրագույն խմբի գավաթի և առաջնության խաղերին: 3 անգամ (2017թ., 2021թ., 2022թ.) մասնակցել է Բեյրութում անցկացվող միջազգային վազքի 10 կմ մարաթոնին: ՀՄՄԲեյրութի ֆուտբոլի կազմում (2015թ.) և Դուբայի ֆուտբոլի կազմում (2019թ.) մասնակցել է Հայաստանյան Համահայկական խաղերին: 3 անգամ (2014թ., 2015թ., 2019թ.) տարբեր արշավախմբերի կազմում բարձրացել է Արարատի գագաթը: Հատկապես ուշագրավ է եղել 2015-ի վերելքը, երբ իր հետ տարել է Սահակյան – Լ. Մկրտիչյան քոլեջի 13-ամյա աշակերտուհուն՝ Ծովակ Քյոշկերյանին: 1984թ. սեպտեմբերի 22-ին Հալեպում ամուսնացել է հալեպահայ Հայարփի Հաճյանի հետ (1984թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, 1998 թվականից մինչ օրս ՀԲԸՄ Նազարյան վարժարանում դասավանդում է հայերեն, հայոց պատմություն և կրոն): Նազարեթ Ճերեճյանն ու Հայարփի Հաճյանը ունեն երկու որդի՝ Շիրազ և Արարատ: