Ճրտըկյան ընտանիք

ՃՐՏԸԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հաճընի հերոսամարտի մասնակից Սարգիս Ճրտըկյանը (հետագայում՝ Ճարպիկյան), ծնվել է Հաճընում 1902թ., ութամսյա հերոսամարտի ժամանակ եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից Արամ Կայծակի համհարզն ու աջ ձեռքը, կռվել է նրա «Վրեժ» ջոկատում, մասնակցել է 365 հաճընցիներին շրջափակման սեղմ օղակից դուրս բերելու գործողությանը: Կոտորածից մազապուրծ եղած մի բուռ հայեր հաստատվում են տարբեր վայրերում: Սարգիս Ճրտըկյանը հայտնվում է Հունաստանում, որտեղ դարձյալ Արամ Կայծակի թիկնազորում որպես համհարզ մասնակցում է 1919-1923թթ. հույն-թուրքական պատերազմին: Պատերազմում ցուցաբերած քաջության համար նա արժանանում է «Արիության շքանշան»-ի և «Հերոս սպա» կոչմանը: Հետագայում ամուսնանում է Եբրուհի Մարկոսյանի հետ (ծնված Հաճընում 1912թ.): 1932թ. բախտը ժպտում է հայրենիք վերադառնալ ցանկացողներին, նրանց թվում և Եբրուհուն ու Սարգսին: «Արմենիա» նավով Հունաստանից գալիս են Բաթում, որտեղից էլ հայրենադարձվում են Հայաստան: Այժմյան Նուբարաշենի տարածքում վրանների մեջ սկսում են ապրել տարբեր վայրերից հայրենադարձվածները, 13 փողոց ամբողջությամբ հաճընցիներ են եղել. կարելի է համարել՝ նրանք էլ հիմնադրել, զարգացրել և զարգացնում են Նուբարաշեն համայնքը: Սարգիս Ճարպիկյանի ու Եբրուհի Մարկոսյանի զավակներն են՝ Նազելի, Մանուկ և Սարգիս: Ճարպիկյանների՝ այժմ ավելի քան 40 թոռ, ծոռ և կոռ ունեցող գերդաստանում իրենց աշխատասիրության ու կարգապահության շնորհիվ եղել են ու կան ամենատարբեր ոլորտների մասնագետներ՝ ինժեներ, բժիշկ, դերասան, սպորտսմեն…: Մանուկ Ճարպիկյանը հայտնի մարզիկ էր, նրա որդին՝ Սարգիսը, ժամանակին հաջողակ ֆուտբոլիստ էր, այսօրար է: Սարգիս Ճարպիկյանի որդին՝ Հակոբը, ժամանակին ճանաչված թենիսիստ էր, այժմ կոշիկի արտադրության ոլորտում արհեստավարժ մասնագետ է: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ – ճԱՐՊԻԿՅԱՆ

 Նազելի Ճարպիկյանի որդին Հայաստանի Հաճըն հայրենակցական միության ամենաերիտասարդ ատենապետն է (նշանակվել է 2006թ.-ին, մինչ այդ վարչության անդամ էր), երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, ղեկավարել է «Տեսակետ» մամուլի ակումբը, զբաղվել դերասանական գործունեությամբ, բանակաշինության ոլորտը երկար տարիներ լուսաբանելու համար արժանացել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի: Այսօր էլ նրա որդին՝ արդեն իսկ ճանաչված ու սիրված փոքրիկ Մհեր Գրիգորյանն է շարունակում հայրիկի գործը կինոարվեստի ոլորտում՝ որպես դերասան: Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը, որը, մեծապես գնահատելով ոչ միայն հաճընցիների, այլև ողջ հայ ազգի պատմությունն ու գիտակցելով եկող սերունդներին այնփոխանցելու կարևորությունը, տեսագրությամբ անմահացրել է ոչ միայն իր տատիկին, այլև վերապրած բազմաթիվ հաճընցիների, նաև նրանց սերունդներին, որոնք հաճընցու բարբառով պատմում են իրենց գլխով անցած ծանր ու դժնդակ անցքերի մասին: Գրիգորյան-Ճարպիկյանը եղել է պատմական Հաճընում՝ ներկայիս Սաիմբեյլիում, որտեղից հող է բերել, որպեսզի հայրենակիցները խառնեն իրենց հաճընցի նախնիների շիրիմների հողին: Այսպիսով, նա իրականացրել է տատիկի փափագը՝ իր ուխտագնացության մասին հրապարակելով բազմաթիվ նոթեր: