Ղազարոս Ալթունյան

ՂԱԶԱՐՈՍ ԱԼԹՈՒՆՅԱՆ

 Հակոբ Ալթունյանի և Եփրուհի Դագեսյանի (նույնպես հաճընցի) չորս զավակներից (Ղազարոս, Բենիամին, Հերմինե, Ազնիվ) ավագը՝ լիբանանահայ հայտնի դերասան, հասարակական գործիչ Ղազարոս Ալթունյանը ծնվել է 1940թ. հուլիսի 16-ին Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Սահակ-Մեսրոպյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է ՀԲԸՄ Յովակիմյան-Մանուկյան վարժարանում և 4 տարի՝ Բեյրութի Ամերիկյան համալսարանի (AUB) American language center-ում: Երգել է Բեյրութի «Ալեմշահ» (ղեկավար՝ Արշակ Գալայճյան), «Գարուն» (ղեկավար՝ Կյուրեղ Մանկրյան) և Աշոտ Պատմագրյանի երգչախմբերում: Հիմնել է լիբանանահայ առաջին էստրադային խումբը` Armenian Jazz-ը: 75 տարի ծառայել է Սբ Գևորգ եկեղեցում որպես դպիր, ապա դպրապետ և «Գայանե» երգչախմբի վարչության ատենապետ: Հմտանալով հոգևոր երգեցողության մեջ՝ դարձել է Սբ Գևորգ եկեղեցու «Գայանե» երգչախմբի խմբավարը: 8 տարի աշխատակցել է Բեյրութի «Ռադիո Փարատայզի»-ին՝ ղեկավարելով մշակութային բաժինը. բազմաթիվ հարցազրույցներ է վարել հայրենի և սփյուռքի արվեստագետների հետ: Անդամակցել է Հաճըն հայրենակցական միությանը, Բեյրութի Հայ մարմնամարզական միությանը (ՀՄՄ), Նոր սերունդ մշակութային միությանը (ՆՍՄՄ) և «Պատաուի» թաղամասի Հնչակյան «Աղասի» մասնաճյուղի վարչությանը՝ դառնալով վերջին երկու վարչությունների ատենապետ: Նրա անունը փայլեց ոչ միայն հայ, այլև արաբ և օտար մշակութասեր շրջանակներում: Նա 35 տարի համերգներով հանդես է եկել թե՛ հայ, թե՛ արաբական բեմերում: Հայերենով առաջին բեմելը եղել է «Տխրունի» ուսանողական միության կազմակերպած առաջին թատերական գործով՝ «Չարշըլը Արթին աղա» կատակերգությամբ: Այնուհետ ՆՍՄՄ-ի «Արտավազդ» և Վաչե Ատրունիի թատերախմբում երիտասարդ բեմադրիչներ Հարութ Երեցյանի, Լյուդվիգ Թապագյանի և Օննիկ Գանթարճյանի հետ հանդես է եկել «Քաջ Նազար», «Խոհանոց», «Պեպո, «Բուրժուա Ժանթե Օմ» պիեսներում: Համաշխարհային հռչակ վայելող Ռահբանի եղբայրների և անզուգական երգչուհի Ֆեյրուզի թատերախմբի մաս կազմելու անկյունադարձային բեմադրությունը եղել է Հարություն Երեցյանի «Պեպո»-ն, որից հետո Ասի, Մանսուր և Իլիաս Ռահբանի եղբայրները, հմայվելով Ղազարոսի խաղով, անմիջապես հրավիրել են մասնակցելու «Լուլու» «Մայս էլ Ռիմ», «Սահ էլ նոմ» «Սեյֆ 840» թատերական ներկայացումներին: Ռահբանի եղբայրների հետ մասնակցել է Դամասկոսի միջազգային տոնավաճառի փակման հանդիսավոր համերգներին: Ղազարոս Ալթունյանը նկարահանվել է նաև լիբանանյան տարբեր հեռուստակայաններից սփռվող կարճամետրաժ ֆիլմերում, մանկական հայտագրերում և ծանուցումային ժապավեններում: Դերասան Ղազարոս Ալթունյանը մեծ ներդրում է ունեցել հայ և լիբանանյան թատրոններում փոխգործակցության մթնոլորտ ձևավորելու մեջ: Ղազարոս Ալթունյանը և Սոսի Պերթիզլյանը ունեն երեք զավակ՝ Հակոբ, Աշոտ, Նորայր, երկու թոռ՝ Ցոլին և Լիլիթ: