Հովհաննես Ճերեճյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՃԵՐԵՃՅԱՆ
Արվեստագետ, լուսանկարիչ, հասարակական գործիչ Հովհաննես Ճերեճյանը՝ Շիրազ, ծնվել է 1935թ. Բեյրութում (Լիբանան): Հաճախել է Նոր Հաճըն թաղամասի Սահակյան վարժարանը: Լուսանկարչություն սովորել է համեստ լուսանկարիչների մոտ: Այս ընթացքում առիթ է ունեցել ծանոթանալու ֆրանսիացի հնագետ Մորիս Տյունանի հետ, որ, ուսումնասիրելով Հովհաննեսի մասնագիտական նկարները, նրան նշանակել է իր պեղումների ժամանակ հայտնաբերված հռոմեական, բյուզանդական, ասորական և այլ հնություններ արձանագրող լուսանկարիչ: Նա 4-5 տարի աշխատել է Տյունանի հետ, հատկապես Լիբանանի հարավում գտնվող Սուրում (Tyre) և Սայտայում (Sidon)՝ լուսանկարելով բազմաթիվ հնություններ: 1962թ. Տար էլ Ֆաթուայում ներկայացրել է իր առաջին լուսանկարչական ցուցահանդեսը՝ թեմա ընտրելով Լիբանանի տեսարժան վայրերը: 1964թ. մասնակցել է Մոսկվայի միջազգային լուսանկարչական փառատոն-ցուցահանդեսին՝ ներկայացնելով Լիբանանը: Նույն թվականին այցելել է Հայաստան, լուսանկարել է տեսարժան վայրեր՝ առաջին անգամ պատրաստելով գունավոր նկարներ ու բացիկներ: Այնուհետև բազմիցս հրավիրվել է հայրենիք՝ լուսանկարելու և ցուցահանդեսներ կազմակերպելու: Նրան կոչում էին «Սփյուռք հայրենիք կապի» լուսանկարիչ: 1967թ. սեփական նախաձեռնությամբ և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով մեկնել է Արևմտյան Հայաստան և Կիլիկիա՝ այցելելով բազմաթիվ վայրեր՝ Շադդադե, Ռաս-ուլ Այն, Մեսքենե, Մարգադե, Դեր-Զոր, Ուրֆա, Այնթապ, Տիգրանակերտ, Ադանա, Սիս, Հաճըն, Զեյթուն, Խարբերդ, Սասուն, Բիթլիս, Վան, Մուշ, Բայազետ, Անի, Նեմրութ, Արարատ և այլուր: Նա առաջին լուսանկարիչն է հայրենիքում և սփյուռքում, որ գունավոր սահիկներով ցուցադրեց ողջ Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան: 1969թ. Շիրազը երկրորդ անգամ է այցելում նույն վայրերը՝ լուսանկարելով հատկապես Սասնո շրջանը: Այս հաջողությունից հետո նրան անվանում են «Հայոց պատմության լուսանկարիչ»: Շիրազի թողած ժառանգությունը կարևոր ներդրում է Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգությունը վավերագրելու գործում: Շիրազը լուսանկարել է լիբանանահայության բոլոր անցուդարձերը, 1965թ. Հայոց մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված միջոցառումները, քայլարշավները, ցույցերը: 1976թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին դարձավ «Վերականգնումի մարմնի» գլխավոր լուսանկարիչը: Հովհաննես Շիրազի համար լուսանկարչությունը ազգասիրության և հայրենասիրության արտահայտման միջոց էր: Լիբանանի բոլոր դպրոցներում ամեն տարի ապրիլի 24-ին հայ աշակերտների համար ցուցադրվել են պատմական Հայաստանի մոտ 70 սահիկներ՝ յուրաքանչյուր նկար իր բացատրագրով: 1964-2007թթ. լուսանկարիչ Շիրազը կազմակերպել է շուրջ 50 անհատական ցուցահանդեսներ զանազան քաղաքներում՝ Երևան, Էջմիածին, Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Աթենք, Բեյրութ, Տրիպոլի, Անթիլիաս, Զահլե, Այնճար, Դամասկոս, Նիկոսիա, Լոնդոն, Մարսել, Նիս, Լոս Անջելես, Տեխաս, Սան Ֆրանցիսկո, Դուբայ, Շարջա և այլուր: Հայտնի է նաև իր հասարակական գործունեությամբ. որպես ՍԴՀԿ կուսակցության անդամ՝ նա հիմնադրել է Բեյրութի «Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը (1952թ.) և երկար տարինել եղել է միության ատենապետը: Եղել է նաև ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վարիչ մարմնի անդամ: Հովհաննես Շիրազը և Սոնա Քեշիշյանը ունեն երկու զավակ՝ Մարալ և Տարոն, երեք թոռ՝ Արին, Փաթիլ, Նարեկ: Հովհաննես Շիրազ Ճերեճյանը մահացել է 2015թ. Լոս Անջելեսում: