Խոսե Լուիս Սաչյան

ԽՈՍԵ ԼՈՒԻՍ ՍԱՉՅԱՆ
Ուրուգվայի առողջապահության փոխնախարար, քաղաքական գործիչ Խոսե Լուիս Սաչյան-Դեմիրճյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 5-ին Մոնտեվիդեո քաղաքի Սերիտո դե լա Վիկտորիա թաղամասում։ Նա հաճընցիների ժառանգներ Պետրոս Սաչյանի և Հերանուhի Խաստայանի թոռն է, Պեդրո Սաչյանի և Ալիսիա Դեմիրճյանի ավագ որդին է, ունի մեկ եղբայր՝ Մարսելո (հայտնի գործարար): Խոսե Լուիսը հինգ տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Բրազո Արևելյան թաղամաս, որտեղ հայրը մսամթերքի խանութ ուներ: Նա սկզբում հաճախել է Խոսե Արտիգասի տարրական դպրոցը, այնուհետ ուսումը շարունակել է Սագրադա Ֆամիլիա ավագ դպրոցում և Սան Պաբլո Կրանդոնի ավագ դպրոցում: Խոսե Լուիս Սաչյանը ունի բակալավրի աստիճան Բիզնեսի կառավարում մասնագիտությունից ORT Ուրուգվայի համալսարանից Խոսե Լուիս Սաչյան-Դեմիրճյանն իր քաղաքական կարիերան սկսել է սոցիալական զարգացման գործող նախարար Մարտին Լեմայի և Ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Նիկոլաս Մարտինելիի հետ միասին։ 2008 թվականի սեպտեմբերի 11-ին նրանք համահիմնել են «Մոնտեվիդեոյի 404 ցուցակ»-ը՝ Սենատի թեկնածու առաջադրելով Լուիս Լակալե Պոուին։ 2007-2012 թվականներին Խոսե Լուիս Սաչյանը եղել է Մոնտեվիդեոյի Երիտասարդական բաժանմունքի հանձնաժողովի անդամ (Comisión Departamental de Jóvenes deMontevideo): 2015-2020 թվականների ընթացքում որպես Մոնտեվիդեոյից առաջադրված պատգամավոր լայն գործունեություն է ծավալել և հանդես է եկել որպես Առողջապահության և սոցիալական ապահովության հանձնաժողովի անդամ՝ Ներկայացուցիչների պալատից (Comisión de Salud y Seguridad Social de la Cámara de Representantes): Նույն ժամանակահատվածում Ազգային կուսակցության կողմից նա հանդես է եկել որպես «Todos, hacia adelante» խորհրդարանական հատվածի քարտուղար: 2020 թվականի մարտի 2-ին նա ստանձնել է Ուրուգվայի առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Covid 19-ի համաճարակի բռնկման առաջին իսկ օրերից Խոսե Լուիս Սաչյանն աչքի է ընկել համաճարակի տարածումը կասեցնելու օպերատիվ միջոցառումներով։ Համաճարակի արդյունավետ կառավարումը Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի և առողջապահության ոլորտի երկու գլխավոր իշխանությունների՝ նախարար Դանիել Սալինասի և փոխնախարար Խոսե Լուիս Սաչյանի գլխավորությամբ ճանաչվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում («The Economist») տարբեր հրապարակումների վերնագրերով և այնպիսի միջազգային կազմակերպության կողմից, ինչպիսին է «Կատարողականի բարելավման միջազգային միությունը» (Sociedad Internacional para la mejora del desempeño): Խոսե Լուիս Սաչյանը ամուսնացած է Ֆլորենսիայի հետ. նրանք հանդիպել են Ազգային կուսակցության քարոզարշավի ընթացքում: Ֆլորենսիան ընդգրկված է սննդի ոլորտում։ Խոսե Լուիս Սաչյանը և Ֆլորենսիան ունեն մեկ դուստր՝ Սեսիլիա: Նա առաջադեմ համալսարանական է, միջազգային իրավունքի ամբիոնի ուսանող: