Զավեն Դոլաբջյան

ԶԱՎԵՆ ԴՈԼԱԲՋՅԱՆ

 Բազմավաստակ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի սրտաբան, գիտնական, գրող, հասարակական գործիչ Զավեն Դոլաբջյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 16- ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ 1947թ. հայրենադարձության առաջին քարավանով ընտանիքը գաղթել է Խորհրդային Հայաստան: 1953թ. Զավենն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 1961- 1981 թվականներին զբաղեցրել է Երևանի սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ սրտաբանության բաժանմունքի վարիչի պաշտոնը: 1966-1979թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1972-1980թթ.՝ ՀԽՍԽ ԳԽ նախագահության անդամ։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի, ՀԽՍՀ Կենտկոմի քարտուղարներ Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի հետ: Շուրջ 245 բժշկագիտական (հիմնականում սրտաբանությանն առնչվող), ուսումնասիրությունների, դասագրքերի և մենագրությունների հեղինակ է: Հրատարակել է գրքեր, որոնցից 2-ը թարգմանված են անգլերեն, 1-ը՝ արաբերեն։ 1973թ․ ղեկավարել է Էլեկտրասրտաբանության միջազգային կոնգրեսի (International Congress of Electrocardiology` ICE) գիտաժողովը Երևանում, ինչպես նաև միջազգային մի շարք այլ գիտաժողովներ Մոսկվայում, Լեհաստանում և այլուր։ Պրոֆեսոր Զավեն Դոլաբջյանի գիտական աշխատանքները վերաբերում են սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության, սրտային անբավարարության, էլեկտրասրտաբանության և համադրական էլեկտրասրտագրության խնդիրներին։ Զավեն Դոլաբջյանը ոչ միայն անվանի բժիշկ էր, այլև տաղանդավոր գրող: 1973թ. հրատարակել է «Լուռ ղողանջներ» խորագրով արձակ բանաստեղծությունների առաջին գիրքը: 1976թ. լույս է տեսել երկրորդ գիրքը՝ «Անդորր հողմեր»: 1980թ. հրատարակել է «Հևուն աստղեր» մանրապատումները՝ հայ բժշկությանը նվիրված հուշագրական պատմվածքներ, որտեղ շատերը, այդ թվում մարդիկ, ում նա բուժել է, դարձել են նրա սրտաբուխ պատումների հերոսները: 1982 թվականից ի վեր ընտանիքի վերամիավորման նպատակով Զավեն Դոլաբջյանը հաստատվեց ԱՄՆ-ում, ուր վայելում էր ամերիկյան բժշկագիտական ամենաբարձր շրջանակների հարգանք: Եղել է UCLA բժշկական համալսարանի, Cedars Sinai բժշկագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, դասախոս, սրտաբանխորհրդատու: Զավեն Դոլաբջյանը և Սիլվիա Բալյան-Դոլաբջյանը (ծնվ. 1934թ.) ունեն երկու զավակ՝ Աննա և Ռոբերտո (ծնվ. 1960թ., ապրում է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա): Սրտաբան Զավեն Դոլաբջյանը կյանքից հեռացավ 1983թ. հոկտեմբերի 9-ին, 54 տարեկան հասակում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա):

Կոչումներ և ձեռքբերումներ

 1963թ․՝ բժշկական գիտությունների դոկտոր, 1963թ․՝ պրոֆեսոր, Միջազգային «Էլեկտրասրտագրության ամսագիր» (անգլերեն) հանդեսի (ԱՄՆ) խմբագրական խորհրդի անդամ:

Մասնագիտական հրատարակություններ 

  • Синтетическая электрокардиология, 1963 • Синтетическая электрокардиология, Ереван, 1963 • Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա: Ուսումնական ձեռնարկ, 1964 • Очерки синтетической электрокардиологии, 1965 • «Սիրտը… իմ աչքերով», «Գարուն», 1968թ․, № 1, 1968 • Основы клинической электрофизиологии и биофизики сердца, 1968 • Инфаркт миокарда и электромеханическая активность сердца, 1981