Գրիգոր Թաթուլյան

ԳՐԻԳՈՐ ԹԱԹՈՒԼՅԱՆ
Շարցի-հաճընցի Գրիգոր Թաթուլյանը (Ավշար մականունով) մինչև 1922թ. Բեյրութ մեկնելը հերոսական բազմաթիվ մաքառումներով լի իր կյանքը նվիրել էր տառապյալ ազգի համար վրեժխնդրությանը. 1920-ականներին Գրիգորը և այլ քաջեր խմբերով հետապնդել են թուրք դահիճներին և Հալեպից պարբերաբար թափանցելով Արևմտյան Հայաստան ու Կիլիկիա՝ ահաբեկել են նրանցից շատերին: Նրա՝ «Անթեղված գաղտնիքներ» վերնագրով հուշերի գիրքը (Հարություն Սահակյանի խմբագըրմամբ) հրատարակվել է Բեյրութում 1967թ.: Հերոս Գրիգոր Թաթուլյանը Ադանայում ամուսնացել է Զարուհի Սերայտարյանի հետ, որտեղ և ծնվել է առաջնեկ դուստրը՝ Թագուհին: Հետագայում հաստատվելով Լիբանանում ունեցել է ևս չորս զավակ՝ Մաքրուհի, Մարի, Պետրոս և Վարդուհի: Թագուհի և Մարի դուստրերը, դժբախտաբար, փոքր հասակում անողոք հիվանդության զոհ են դարձել: Գրիգոր Թաթուլյանը մեծ ներդրում ունի Բեյրութում Նոր Հաճըն թաղամասի հիմնադրման, Սբ Գևորգ եկեղեցու կառուցման և թաղական խորհրդի գործունեության մեջ: