Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ

ԳՈՀԱՐ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԵՎ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

1996թ. արմատներով հաճընցի, լիբանանահայ Գոհար Խաչատուրեանը այցելեց Հայաստանի հյուսիսային շրջաններ, որոնք տուժել էին 1988թ. ավերիչ երկրաշարժից: Տեսնելով ժողովրդի աղետալի վիճակը՝ նա որոշեց նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ ստեղծել: 1997թ. Խաչատուրեան եղբայրները՝ Յարութ, Շահէ և Նար, Գյումրիում ձեռնարկեցին ԳՈՀԱՐ հիմնարկի կառուցումը. աշխատանքները սկսվեցին 1999թ.: 2000թ. Յարութ Խաչատուրեանի կողմից հիմնվեց ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը. ի սկզբանե լինելով միայն նվագախումբ՝ հետագայում համույթը ընդլայնվեց՝ ներառելով նաև երգչախումբ և պարային խումբ՝ մոտ 150 երաժիշտներ, 12-15 երգիչ-մեներգիչներ, մոտ 15 պարողներ, որոնց հարազատ տունն էր դարձել ԳՈՀԱՐ Տարածքը՝ իր ԳՈՀԱՐ փորձասրահով և նրան կից հանդերձանքի և երաժշտական գործիքների շտեմարաններով: Նվագախումբը ԳՈՀԱՐ է կոչվել հիմնադիր եղբայրների մոր՝ Գոհար Խաչատուրեանի պատվին: Առաջին խմբավարը կիպրահայ բազմավաստակ երաժիշտ մաեստրո Սեպուհ Աբգարեանն էր: ԳՈՀԱՐ հիմնարկը ներառում էր ԳՈՀԱՐ երաժշտանոցը (1999 թվականից ի վեր)՝ մոտ 20 արհեստավարժ երաժիշտ ուսուցիչներով և 100 ուսանողներով: Դասընթացները անվճար էին, երաժշտական գործիքները նույնպես ութամյա ուսումնառության ողջ ընթացքում սովորողներին անվճար էին տրամադրվում: Ամբողջովին կանաչապատ տարածքում գործում էին նաև հյուրատուն, ճաշարաններ, վաճառատներ (աշխատողների թիվը՝ 275): ԳՈՀԱՐ համույթի անդրանիկ միջազգային ելույթը տեղի է ունեցել 2002թ. Նիկոսիայում։ Նույն թվականին համերգներով հանդես են եկել նաև Բեյրութում և Երևանում: 2003թ. թողարկվել է առաջին ԳՈՀԱՐ DVD սկավառակը՝ իր տեսակով առաջինը հայ իրականության մեջ, որ ներառում էր ինչպես հետագայի բոլոր ԳՈՀԱՐ տեսաերիզներն ու ԳՈՀԱՐ երգարանները, այնպես էլ երգերը՝ հայատառ և տառադարձված լատինագիր: 2005թ. ելույթները շարունակվում են Ստամբուլում, 2006թ.՝ Կրեմլում (Մոսկվա), 2007թ.՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ 2008թ. թողարկվում է ԳՈՀԱՐ DVD 2-ը՝ Ստամբուլի և Մոսկվայի ելույթների հիման վրա։ 2009թ. ԳՈՀԱՐ համույթը ելույթներ է ունենում Դամասկոսում և Հալեպում: 2010թ.՝ Բեյրութում, 2011թ.՝ Երևանում, 2012թ.՝ Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում, վերջին ելույթը՝ նվիրված Հայոց եղեռնի 100-ամյակին, կայացել է 2015թ. Բեյրութում, որտեղ կատարվել են խորհրդանշական՝ թվով 100 երգեր: ԳՈՀԱՐ համույթի բոլոր համերգներից ստացված հասույթը ամբողջությամբ հատկացվել է տվյալ գաղութում (որտեղ համերգ էր տրվում) գործող հայկական վարժարաններին, Հայ ուսուցչին ու Հայ աշակերտին: ԳՈՀԱՐ համույթի յուրաքանչյուր համերգ ունի իր տեսաերիզը՝ համաշխարհային ոճի և որակի չափանիշներին համապատասխան. դրանք անհատույց տրվել են սփյուռքահայ գաղթօջախներին և կրթական հաստատություններին։ Համույթի ամենատպավորիչ ելույթներից մեկը 2011թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձին նվիրված համերգն էր Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Ազատության հրապարակում՝ հայ անվանի երգիչերգչուհիների մասնակցությամբ: 3D լազերային տպավորիչ ցուցադրությամբ համերգը իր ծավալով և բարձր ճաշակով նոր խոսք էր հայ մշակութային իրականության մեջ: 2010թ. սեպտեմբերին Խաչատուրեան ընտանիքը Լիբանանի Այնթուրա գյուղի Սեն Ժոզեֆ քոլեջի տարածքում հայտնաբերված Հայոց ցեղասպանությունից ճողոպրած, ապա նահատակված որբ մանուկների աճյունները հանձնել է հողին և կառուցել նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող: 2012թ. Խաչատուրեան ընտանիքը Բեյրութում հիմնել է ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանը, որ պարունակում է 2500 երգարաններ, 500-ից ավելի հայերեն միալեզու, հայերեն երկլեզու և բազմալեզու բառարաններ, ինչպես նաև մոտ 1000 անուն գիրք՝ Կիլիկիայի թագավորության, Կիլիկիայի, հայոց պատմության և հայկական արվեստի վերաբերյալ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ականատեսների հուշագրություններ: Գրադարանը նաև ունի մոտ 3600 ձայնապնակ (LP), երիզներ (Cassette), խտասկավառակներ (CD) և տեսաերիզներ (DVD): Գրադարանի դռները բաց են բոլորի առջև, և բոլոր ծառայություններն անվճար են: ԳՈՀԱՐ գրադարանն ունի նաև հատուկ կազմատուն, որտեղ մասնագետները զբաղվում են գրքերի՝ արդի եղանակներով վերանորոգմամբ: ԳՈՀԱՐ նպատակը հայկական սփյուռքին ոգևորելն ու հայ մարդու սրտում Հայոց ոգին արթուն պահելն է: ԳՈՀԱՐ ճամփան Այբ, Բեն, Գիմ-ն է: ԳՈՀԱՐ սատար է Հայ ուսուցչին ու Հայ աշակերտին: ԳՈՀԱՐ ծածանում է Կիլիկիայի հայկական թագավորության դրոշները:

1NAR

1NAR