Արսլանեան ընտանիքը

ԱՐՍԼԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ
Արսլանյան ընտանիքը սերունդներով ապրել է Կիլիկիայի Հաճըն քաղաքում: Ըստ վարկածի՝ Արսլանյանները ծագումով Արցախից են և մի քանի սերունդներ առաջ հաստատվել են Հաճընում: Ազգանվան ստուգաբանությունը հետևյալն է. Արսլան «առյուծ» անունով մի թուրք մարտահրավեր է նետել նախնիներից մեկին: Թուրքը պարտվել է, տեղական բեյը ասել է նախահորը. «Դո՛ւն արժանի ես Արսլան կոչվելու»: Մեկ ուրիշ պատմության համաձայն՝ Արսլանյանները «քեքըլլը» (թուրք.՝ աքլոր) էին կոչվում իրենց ըմբոստ նկարագրի ու խառնվածքի համար: Արսլանյանները գալայճը էին՝ կլայեգործ: Երբ ճանապարհները անցանելի էին, գյուղեգյուղ շրջելով՝ պղնձե կաթսաներ ու խոհանոցային այլ իրեր էին կլայեկում: 1915թ. Արսլանյան ընտանիքը ևս տեղահանության հրահանգ ստացավ: Ստեփան և Օվսաննա Արսլանյանները իրենց զավակներ Նվերի, Զարուհու և Սիմոնի հետ, Ստեփանի մայր Հռիփսիմե Փննիկյանի և հարս Վարվառ Անտոնյանի հետ ընդգրկվեցին Հոմս ուղևորվող քարավանի մեջ: Բայց Հոմս կարողացան հասնել միայն Ստեփանը, Օվսաննան, Սիմոնը և Վարվառը: Մյուսները սովամահ եղան, քանի որ ստիպված էին երկու ամիս միայն խոտ ուտել: Ստեփանը իր երկու դուստրերին և մորը ստիպված թաղեց սիրիական անապատում: Ընտանիքի մնացած 25 անդամները տարագրվեցին Դեր Զոր. ավաղ, բոլորը ավարառության և սովի զոհ դարձան: Առաջին աշխարհամարտից հետո Ստեփանը, Օվսաննան և Սիմոնը վերադարձան Կիլիկիա՝ Հաճընում վերահաստատվելու հույսով: 1920թ. թուրքերը պաշարել էին քաղաքը, ուստի նրանք պատսպարվեցին Ադանայում, որն այդ ժամանակ ֆրանսիացիների տիրապետության տակ էր: 1920թ. հոկտեմբերին Հաճընն արդեն ավերվել էր. բացառությամբ մի քանի հարյուր պաշտպանների՝ մնացածը նահատակվեցին անհավասար կռվում, այդ թվում՝ ազգականներից մի քանիսը: 1921թ. հոկտեմբերի 26-ին ծնվեց Ստեփանի և Օվսաննայի զավակը՝ Անդրանիկը: Ծնունդից 21 օր հետո ֆրանսիական զորքերի մոտալուտ նահանջի և թուրքական սպառնալիքի դեմ հանդիման հազարավոր հայ գաղթականների պես Արսլանյանները Մերսինի նավահանգստում հունական նավ նստեցին: Երկու ամիս դեգերեցին Միջերկրական ծովում: Նրաընդունել Պորտ Սաիդում, Կիպրոսում, Իզմիրում և Կ. Պոլսում: Ի վերջո 1921թ. դեկտեմբերի 24-ին իջան Աթենքում, որտեղ հասկացան, որ այևս չեն վերադառնալու պապենական ծննդավայր: Աթենքում հաստատվեցին Ֆիքսի գաղթակայանում, որը այդպես էր կոչվում համանուն գարեջրի գործարանի անունով: Հայերի համար կյանքը Աթենքում շատ դաժան էր. տնտեսությունը քայքայված էր, և գաղթականների մեծ հոսք կար: 1924թ. ծնվեց Արսլանյանների դուստրը, որին, ի հիշատակ Ստեփանի՝ աքսորի ճամփին մահացած մայրիկի, կոչեցին Հռիփսիմե: Մի քանի տարի ապրեցին Հունաստանում, ուր գնալով մարում էր հայրենիք վերադառնալու հույսը: Թե՛ Ստեփանը, թե՛ Օվսաննան Արգենտինայում ունեին ազգականներ՝ Միսակ Փննիկյանը և Սահակ Պագչեճյանը, որոնք այնտեղ էին հասել 1911թ: Իմանալով Արսլանյան ընտանիքի ծանր կացությունը՝ նրանք հոգացին Արգենտինա մեկնելու նրանց ճանապարհածախսԱրսլանյանները Արգենտինա ժամանեցին 1927թ. մարտի 21-ին: Մի քանի շաբաթ ապրելով Փննիկյաննների տանը՝ տեղափոխվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերով բնակեցված conventillo (ընդհանուր բակի շուրջը կառուցված սենյակներ): Սկզբնական տարիներին Ստեփանը կատարում էր տարբեր աշխատանքներ. կլայեգործ էր, կոշիկի ներկարար, որմնադիր կամ մշակ: Խնդիրը աղքատության հաղթահարումն էր: Օվսաննան լվացարարուհի էր, կարում էր դիմափոշուհամար նախատեսված բարձիկներ: Սիմոնն էլ դպրոցից հետո օգնում էր հորը՝ աշխատելով իբրև կոշիկի ներկարար: Երեք զավակներն էլ, ի հպարտություն իրենց ծնողների, ստացան հանրային կրթություն: Արգենտինան բոլոր գաղթական հայերի համար օրհնություն էր: 1930-ական թվականներին բացվեցին հայկական դպրոցներ, եկեղեցիներ, ակումբներ, հայրենակցական կենտրոններ, որոնք գործում են մինչ օրս: Այդ տարիներին Արսլանյանները վերջապես տեղափոխվեցին Փոմփեժա թաղամասում գտնվող իրենց սեփական տունը: Արգենտինան իր առատաձեռնությամբ ամոքում էր թուրքի պատճառած ցավը: Անդրանիկ Արսլանյանը, ավարտելով երկրորդական ուսումը, ընդհամալսարան և ավարտելով այն՝ դարձավ վիրաբույժատամնաբույժ: 1950-ական թվականներին Սիմոնը և Անդրանիկը հյուսվածքեղենի ձեռնարկություն հիմնեցին, որին հետո միացավ Հռիփսիմեի ամուսինը՝ Եղիան: 1953թ. արգենտինահայ համալսարանականների Կաճառի հանդիպումներից մեկի ժամանակ Անդրանիկ Արսլանյանը ծանոթացավ Միչիգանի համալսարանի նորավարտ Աննա Եազըճյանի հետ, որ Արգենտինա էր ժամանել՝ տեսակցելու Հունաստանից Արգենտինա գաղթած ընտանիքին: Տարիներ անց Անդրանիկն ու Աննան ամուսնացան՝ հիմք դնելով խորապես հայկական մի օջախի: Ծնվեցին երեք զավակները՝ Ստեփանը, Կարոն, Արմենը, որոնք մեծացան հայկական ինքնության վեհ զգացումով: Անդրանիկ Արսլանյանը արգենտինահայ համայնքի ամենագործունյա հաճընցիներից էր: Նա ապրել է հայկական արմատների արժևորմամբ և հաճընցու ոգով: Ծնողների պես՝ եղբայրները ևս կառչեցին իրենց հայկական արմատներից՝ գործուն մասնակցություն ունենալով արգենտինահայ համայնքային կյանքին՝ հարելով հասարակական ու քաղաքական տարբեր կազմակերպությունների: Եղբայրները սկզբում ընտանեկան ձեռնարկության մաս էին կազմում, սակայնհետագայում առանձնանալով հիմնեցին իրենց սեփական արտադրությունը՝ պիտակով հագուստներ նույնականացնող արտադրական ձեռնարկություն: Շուտով այն բարգավաճեց՝ մրցունակ դիրք գրավելով այդ ոլորտում: Այս հաջողությունից խանդավառված՝ 1991թ. նմանօրինակ ընկերություն հիմնվեց Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա): Ներկայումս NATco LLC ընկերությունն ունի 13 մասնաճյուղ, որոնք սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներումՍտեփան Արսլանյանը մահացավ 1970թ., Օվսաննան՝ 1978թ.: Նրանց ավելի քան 60 շառավիղները այսօր, ապրելով Արգենտինայում և Կալիֆոռնիայում, ոչ միայն մասնակցություն ունեն այդ երկրների հայկական համայնքների կյանքին, այլև սերտ հարաբերություններ են պահպանում Մայր Հայաստանի հետ: Բոլորն էլ խորապես գիտակցում են իրենց արմատները և առանց նախապայմանների հանձնառու են պահպանելու ընտանեկան ժառանգությունը: Անդրանիկ Արսլանյանը մահացավ 2014թ. ապրիլի 27-ին Բուենոս Այրեսում՝ շրջապատված սիրելի ընտանիքի անդամներով: Նրա հայրենանվեր գործունեությունը շարունակում են երեք զավակները՝ Ստեփանը, Կարոն և Արմենը: Արսլանյան ընտանիքի բարերար գործունեությունն անսահմանափակ է. Սբ Էջմիածնի Մայր Աթոռի հետ անխզելի համագործակցություն, Նոր Հաճընում կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր հիմնադրամների միջոցով վիրավոր զինվորներին ցուցաբերվող աջակցություն, առևտրական ներդրումներ և այլն: Նոր Հաճըն քաղաքում իրականացված բարեգործական ձեռնարկումների (արվեստի դպրոց, մանկապարտեզ, թանգարան) համար Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը 2015թ. Արսլանյան եղբայրներին արժանացրեց «Նոր Հաճընի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Նրանք Նոր Հաճըն համայնքի լավագույն բարեկամներն են և առայսօր շարունակում են իրենց բարեգործական առաքելությունը: Տավրոսյան լեռների արծվաբույն Հաճընի զավակներ Ստեփան և Օվսաննա Արսլանյանների հիշատակը այն շարժիչ ուժն է, որ առաջ է մղում Արսլանյանների նոր սերնդին՝ ամուր պահելու Մայր հայրենիքի հետ կապերը և պապերի ժառանգությունը: Ստեփան Արսլանյանը և Պատրիսիա Բաբիկյանը ունեն երկու զավակ՝ Ռուբեն-Անդրանիկ (կինը՝ Նունե Մարգարյան) , Մերսեդես Ալին, և թոռ՝ Արամ Ստեփան: Կարո Արսլանյանը և Սիլվիա Սասյանը ունեն երեք զավակ՝ Անդրանիկ Նիկոլաս (կինը՝ Մարիանա Զալուքյան), Լևոն Կարլոս (կինը՝ Զարուհի Նազարյան), Գևորգ Մարսելո (կինը՝ Գաբրիելա Զատիկյան), և թոռներ՝ Ագուստին Կարո, Ֆրանսիսկո Արամ, Մելինե, Նարե, Րաֆֆի: Արմեն Արսլանյանը և Լաուրա Անսուրլյանը ունեն երեք զավակ՝ Վիգեն Գաբրիել (կինը՝ Սաբին Հովակիմյան), Վարդան Ֆեդերիկո (կինը՝ Ռեբեկա Ավատեսյան), Ջուլիետա Աննա, և թոռներ՝ Իզաբելլա Լաուրա, Լիլյա Գաբրիելա, Արմեն Ֆեդերիկո;