ԱՐԱՄ ՄԱԼՅԱՆ

Ծնվել է 1967թ. օգոստոսի 13-ին Բեյրութում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է Ազգային Ռուբինյան վարժարանում, այնուհետև շարունակել է Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջում: Հաջողությամբ ավարտել է Յովակիմյան-Մանուկյան վարժարանի 12-րդ բաժինը՝ ստանալով պետական բակալավրի աստիճան: Արամ Մալյանը ազգային հասարակական բեղուն գործունեություն է ծավալել. Սահակյան քոլեջի շրջանավարտների միության անդամ, ապա նույն քոլեջի խնամակալության անդամ, Հայկական կրթական բարեսիրական միության (ՀԿԲՄ) անդամ և 2010-թվականից՝ ՀԿԲՄ ատենապետ: 2010թ. և 2016թ. (մինչ օրս)՝ Բեյրութի քաղաքապետարանի անդամ. նրա անդուլ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ Բեյրութի Նոր Հաճըն թաղամասի պաշտոնական անվանակոչումը և համապատասխան ցուցանակների տեղադրումը: Արամ Մալյանը Երևան-Բեյրութ քույր քաղաքների փորձի փոխանակման խորհրդի անդամ է: Եղել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2022թ. Արամ Մալյանը իր թեկնածությունը առաջադրեց Լիբանանի խորհրդարանական ընտրություններում: Նա իր բարերարությամբ վերջին տարիներին փայլեց հատկապես կրթական և մշակութային ոլորտներում: 2018թ. մարտի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Ասպետի կարգ» շքանշանով՝ արժանանալով նաև սրբատառ կոնդակի: Արամ Մալյանը և Լիդիա Քեշիշյանը ունեն երեք զավակ՝ Սելին, Ռուբեն, Լիլա: