ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Բեյրութը արտասահմանում հաստատված հաճընցիների ամենամեծ գաղութն է: Փրկվածերի նյութական, կրթական հարցերը լուծելու համար առաջնահերթ դարձավ Հաճըն հայրենակցական միության կազմավորումը՝ Ջունիե, ապա Բեյրութ (1924թ.) քաղաքներում՝ հաճընցի փաստաբան Մարտիրոս Սեքսենյանի անմիջական օժանդակությամբ և ջանքերով:Ստեղծվեց Կեդրոնական Վարչություն` հետևյալ կազմով.
Մարտիրոս էֆենդի Սեքսենյան—ատենապետ
Պողոս Թուր-Սարգիսյան– փոխատենապետ
Պետրոս Գրգեաշարյան (Քարծայր) –ատենադպիր
Արշամ Լուսինյան—փոխատենադպիր
Սամուել Գրգեաշարյան- գանձապահ
Համբարձում Խալչասզյան- խորհրդական
Ստեփան Չավտարյան,- խորհրդական
Խաչեր Գրաճյան- խորհրդական
Աբրահամ Էօլմեսեկյան – խորհրդական
Կեդրոնական Վարչության առաջնահերթ խնդիրը՝ Բեյրութում Նոր Հաճըն թաղամաս կառուցելու ծրագիրը Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Բ. Կաթողիկոս Խապայանին ներկայացնելն էր:Վեհափառը հայրապետական օրհնանքով այն վավերացրեց 1924թ. մարտի 15-ին թվագրված նամակով: Բեյրութի ՀՀՄ-ը դիմեց ԱՄՆ- ում գործող Հաճըն Հայրենակցական Վերաշինաց Միության Կեդրոնական Վարչությանը՝ քննելու այս գաղափարի իրագործման ճանապարհները:Երկար մտածումներից և քննարկումներից հետո , ՀՀՄՎ միությունը որոշում կայացրեց Նոր Հաճըն բնակավայր կառուցել Մայր հայրենիքում, այդուհանդերձ նյութական աջակցություն տրամադրեց լիբանանահայ գաղութին:Այդ ընթացքում արեւելյան գորգերի վաճառական հաճընցի Կոստանդին Կերթմենյանը որոշեց իր անձնական գումարներով կյանքի կոչել այդ գաղափարը:1931թ.ին Բեյրութի արվարձանում մի հսկայական տարածք գնելով՝ նա հիմք դրեց Նոր Հաճըն թաղամասի կառուցմանը՝ այդ գործը վստահելով իր աներոջը՝ Սարգիս Տեվիրյանին:Մոտ 15000 ամերիկյան դոլլար գումարով պարոն Տեվիրյանը եկավ Բեյրութ:Ազգերի Դաշնակցության տրամադրած 3500ոսկի փոխառությամբ, պարոն Կերթմենյանի 3000ոսկով և հաճընցիների տրամադրած 1000 օսմանյան ոսկով գնվեց հողակտոր և բաժանվեց հաճընցիներին՝ ըստ հատակագծի:Իսկ 15000 ամերիկյան դոլլարի մի մասով գնվեց հողակտորներ, որտեղ կառուցվեցին շինություններ, խանութներ:Ստանալով հայկական դպրոց բացելու արտոնություն, Բեյրութում Կ.Կերթմենյանի անունով բացվեց դպրոց՝ մանկապարտեզով և նախակրթարանով, որն ուներ 150 երկսեռ սովորող՝ հինգ հայ վարժուհիներով:
Նոր Հաճըն թաղամասի կառուցմանը իրենց դրամական օժանդակությունն են ցուցաբերել նաև ամերիկաբնակ հաճընցիներ՝ Հարություն և Ստեփան Փիլիպոսյանները:1938թ. հունիսի 19ին Նոր Հաճըն թաղամասում Հաճընի նախկին հոգևոր առաջնորդ , այդ ժամանակ Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Պետրոս արքեպիսկոպոս Սարաճյանի կողմից օծվեց Սբ Գևորգ եկեղեցին:
Բեյրութաբնակ հաճընցին, ունենալով իր առանձին թաղամասը և եկեղեցին, ձեռնամուխ եղավ սեփական վարժարանը ունենալու գաղափարի իրագործման:Շնորհիվ Կիլիկիո կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գեր. Տեր Պետրոս արքեպիկոպոս Սարաճյանի ՀԲԸՄ ին գրած դիմումի՝ Տատրեանի գրած կտակի համաձայն, հաճընցին ունեցավ իր սեփական Սահակ- Մեսրոպեան վարժարանը և ՙՙՏատրեանՙՙ մանկապարտեզը: